211652_close_icon
views-count5748 դիտում article-date 09:01 06-02-2020

Սահմանադրական դատարանի թնջուկը հանգուցալուծվեց. պլան դ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դիլիջանից մինչև Երևան, Սայաթ-Նովայից մինչև Բաղրամյան պողոտա և խորհրդարանի տարբեր սենյակներում օրուգիշեր քննարկումներ կազմակերպելու արդյունքում վերջապես իշխող ուժը խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության հետ գտավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահից ու անցանկալի կազմից ազատվելու իրատեսական տարբերակը: ԱԺ 37 իշխանական պատգամավորներ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել և առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»: Հիմա իշխող թիմն առաջարկում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել, բացի ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանից և Արման Դիլանյանից, որոնք իշխանության համար ցանկալի դատավորներ են: Բացի այդ, առաջարկվելու է հանրաքվեի դնել ընդհանրապես ՍԴ գոյության հարցը, որպեսզի քաղաքացիները իրենք որոշեն՝ ուզում են մեր երկրում լինի Սահմանադրական դատարան, թե ոչ: Նախկին իշխանության ներկայացուցիչները աղմկում են, թե այս օրինագծի ընդունումով ԱԺ-ն ՍԴ-ի լիազորություններին է տիրանում, այլ կերպ ասած՝ զավթում է, յուրացնում դատական իշխանությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է: Մինչդեռ իրականում հանրային լայն շերտերի համար միևնույնն է՝ մեր երկրում կա Սահմանադրական դատարան, թե ոչ, քանի որ ՀՀ քաղաքացիները ուղիղ չեն առնչվում բարձրագույն դատարանին, և արդեն կանխատեսելի է, որ հանրաքվեով ջախջախիչ հաղթանակ է տանելու ՍԴ-ն լուծարելու կարծիքը: Այդպիսով և՛ ՍԴ-ի հարցը կլուծվի, և՛ լուծողը կլինի ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդը՝ հանրաքվեով: Ու հենց այս հարցն էր երեկ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ քննարկում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միրզոյանը դեսպաններին համոզել է կարծիք ձևավորել, որ ՀՀ իշխանությունը որևէ հակաժողովրդավար քայլ չի անում: Հավելենք՝ երեկ՝ երեկոյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք և ԲՀԿ-ն դեմ են քվեարկելու: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ սահմանադրական դատարանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, որը նշեց. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ փոփոխություններ անողներն արձագանքեն իրենց արածին»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր