211652_close_icon
views-count1538 դիտում article-date 12:05 05-02-2020

Հայաստանում տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպում է ունեցել Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI – International Council of Management Consulting Institutes) հայաստանյան անդամ կառույցի՝ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք՝ «Մեծ գործարար կամուրջ» խորագիրը կրող գլոբալ համաժողովի կազմակերպչական աշխատանքների և համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես միջոցառման պաշտոնական գործընկեր, մեծապես կարևորորում է խորհրդատվական ինստիտուտի զարգացումը Հայաստանում։ «Մեր առաջնահերթությունների շրջանակներում է բիզնեսի զարգացման համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը, ինչի կարևորագույն բաղադրիչներից է որակյալ ու արդիական խորհրդատվական ծառայությունների առկայությունը: Մենք դեռ բավական աշխատանք ունենք իրականացնելու այս ուղղությամբ՝ միջազգային փորձը, համատեղ նախագծերն ու այլ երկրներում մեր գործընկերների կողմից ներկայացվող գործիքակազմին ծանոթանալը թերևս շուկան զարգացնելու լավագույն միջոցներից են», - նշել է նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան՝ հնարավորություն ընձեռելով խորհրդատվական դաշտի և գործարար միջավայրի ներակացուցիչներին առավել մանրամասն ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին, միջազգային փորձին ու զարգացումներին։ Համաժողովի շրջանակում տեղի կունենա Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting), որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։ ICMCI-ի անդամ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Նիդերլանդները, Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, այլ երկրներ: Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.cmc-global.org ։ Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի վերաբերյալ տեղեկատվությունը տե՛ս ինստիտուտի պաշտոնական կայքում՝ www.imc-armenia.org։

Նմանատիպ նյութեր