211652_close_icon
views-count2680 դիտում article-date 22:35 04-02-2020

ԱՀ պետնախարարը հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 4-ին հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության կառավարությունը, ականջալուր լինելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մտահոգություններին, ձեռնամուխ է եղել հարցի համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությանը: Կառավարությունը ստանձնելով մասնագիտական, անկախ հանձնաժողով ձևավորելու հանձնառություն՝ դիմել է ՀՀ կառավարությանը՝ հանձնաժողովի կազմում բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետներ ներգրավելու խնդրանքով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան մեր գործընկերներին՝ ընդառաջելու և Արցախի Հանրապետություն մասնագետներ գործուղելու պատրաստակամության համար»: Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացնելով հանձնաժողովի կազմը, նշել է որ Հայաստանի Հանրապետությունից հանձնաժողովի կազմում երկուական մասնագետ ներկայացնում են ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, ոչ կառավարական հատվածից՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետներ, իսկ Արցախի Հանրապետությունից՝ ԱԺ պատգամավոր, մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: Կառավարությունը դիմել է նաև Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ ներգրավելու հարցով. Հանդիպմանը ներկա էր միայն մեկը: Պետական նախարարը հանձնաժողովի անդամներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով ուժերի ներածին չափով աջակցելու հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը: Գրիգորի Մարտիրոսյանն այնուհետև լքել է հանդիպման դահլիճը, իսկ շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամները շարունակել են աշխատանքային քննարումները: [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր