211652_close_icon
views-count3607 դիտում article-date 14:56 09-03-2017

Փոքր ՀԷԿ-երի շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու չափորոշիչներ պետք է սահմանել. վարչապետ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ օրենսդրական, ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը զգալի բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա: Այդ խնդիրները կարգավորելու նպատակով վարչապետը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց երկու ամսվա ընթացքում սահմանել փոքր ՀԷԿ-ի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու հստակ չափորոշիչներ: Նա նաև հանձնարարեց նախարարին, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ, հստակեցնել գետերի ցանկը, որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: «Բացի այդ՝ համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ, մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր»,- ասաց վարչապետը, և նաև հանձնարարեց, հաշվի առնելով միջազգային փորձը, ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր