Իրանում ուղևորատար օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
«Իրանական ավաուղիներ» ընկերությանը պատկանող Airbus-319 օդանավը վայրէջք կատարելու ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Օդանավն օդ էր բարձրացել մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից և թռչում էր դեպի Քերմանշահ։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան տեղի ժամանակով ժամը 06։00-ի սահմաններում։ Օդանավում եղել է 102 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Ոչ ոք չի տուժել։
Պարզվել է, որ պատահարը տեղի է ունեցել անիվներից մեկի պատճառով։