211652_close_icon
views-count1168 դիտում article-date 17:08 30-01-2020

Համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը: Կողմերը նշել են, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են պատմական խորը արմատներով, ինչն ամուր հիմք է ստեղծում հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում ավելի գործնական քայլեր կատարելու ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է: Ուկրաինայի դեսպանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ գործակցությունը: Խոսելով տնտեսական համագործակցության ընդլայնման մասին՝ զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Համագործակցության ավանդական ոլորտներին զուգահեռ, նրանք կարևորել են համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համատեղ փոխշահավետ նախագծերի մշակումը նորագույն տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ, նշվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և ձևավորված բարեկամական խմբերի աշխատանքը: Բարձր է գնահատվել Ուկրաինայի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում ակտիվորեն ներգրավված հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կամրջող օղակ:

Նմանատիպ նյութեր