211652_close_icon
views-count6458 դիտում article-date 15:40 22-01-2020

Հայաստանում ՉԺՀ-ից կորոնավիրուսի թափանցումը բացառելու համար դիտարկվում են բոլոր տրանզիտ ուղիները

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկում է բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղեւորահոսք դեպի Հայաստան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը՝ եթե ՀՀ եկողը համաճարակային տեսանկյունից անբարենպաստ երկրից է եւ ՀՀ քաղաքացի չէ, ապա նրա տվյալներով լրացվում են հասցեական քարտեր՝ տվյալ երկրում գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով։ «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը բոլոր հատողների հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում։ Մշտապես հետեւելով Առողջապահական համաշխարհային կազմակերպության իրազեկումներին՝ ավելի ուժեղացված վերահսկողություն է տարվում բոլոր այն երկրներից ժամանող ուղեւորների նկատմամբ, որտեղ կա համաճարակային տեսանկյունից անբարենպաստ իրավիճակ։ Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկվում են բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղեւորահոսք դեպի Հայաստան։ Եթե ՀՀ եկողը համաճարակային տեսանկյունից անբարենպաստ երկրից է եւ ՀՀ քաղաքացի չէ, ապա նրա տվյալներով լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են համապատասխան պոլիկլինիկաներին՝ տվյալ երկրում գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով»,-տեղեկացրին ԱԱՏՄ-ից: Բարձր ջերմության առկայության դեպքում սահմանը հատող անձը ԱԱՏՄ կողմից նաեւ արտաքին զննման է ենթարկվում։ Եթե, ջերմությունից բացի, առկա են նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։ Եթե արդեն սահմանին արձանագրվում են հիվանդության խիստ ակնհայտ նշաններ, հիվանդը մեկուսացվում եւ շտապօգնության միջոցով տեղափոխվում է հիվանդանոց՝ ախտորոշման եւ անհրաժեշտության դեպքում բուժման նպատակով, քանի որ ԱԱՏՄ սահմանային կետերի աշխատակիցներն ախտորոշում տալու իրավասություն չունեն, նրանք միայն դիտարկում են վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հունվարի 22-ի դրությամբ հասել է 9-ի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակման դեպքեր են արձանագրվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Թաիլանդում, վարակման կասկածանքով դեպքեր են գրանցվել Սինգապուրում, Հոնկոնգում եւ Ավստրալիայում: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը մարդուց փոխանցվում է մարդու: Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը եւ կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաեւ գլխացավերի եւ տենդի հայտնվելը, որը կարող է տեւել մի քանի օր: Ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգով անձինք, երեխաներն ու տարեցները: Նրանց մոտ դիտվում են թոքաբորբի ու բրոնխիտի նմանվող ախտանիշներ: Սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտահերթ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ՝ պարզելու՝ բռնկումն արդյոք արտակարգ դրություն է ներկայացնում միջազգային մասշտաբի հասարակական առողջապահության բնագավառում:

Նմանատիպ նյութեր