211652_close_icon
views-count2018 դիտում article-date 10:49 17-01-2020

Մեր քաղաքական գործիչները «դուխ չունեն» արձանագրելու այն, ինչ արձանագրում է HRW-ն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օրերս զեկույց է հրապարակել 2019 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: Ինչպես որ դա սովորաբար լինում է, տարբեր «խրամատներում» գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերցրեցին այդ զեկույցի իրենց ձեռնտու հատվածները և եկան տրամագծորեն հակառակ եզրակացությունների: Իշխանամետները պնդեցին, որ HRW-ը փառաբանել է Հայաստանի հետհեղափոխական նվաճումները, իսկ ընդդիմադիրների համոզմամբ, կազմակերպությունը քարը քարին չի թողել՝ քննադատելով մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Իրականում պետք է նախ հաշվի առնել, որ կազմակերպությունն իսկապես հեղինակավոր է, որովհետև զբաղվում է մաքուր, դասական իրավապաշտպանությամբ՝ առանց քաղաքական «հավելումների»: Երկրորդ՝ HRW-ը լուրջ դիտողություններ է անում բոլոր՝ անգամ ամենաժողովրդավարական երկրների պարագայում, և այդ առումով քննադատությունը պետք չէ ծանր տանել, որովհետև աշխարհիս երեսին չկա մի երկիր, որտեղ չեն խախտվում մարդու իրավունքները: Ըստ այդմ, պետք է նայել, թե ինչի վրա է ուշադրություն դարձրել կազմակերպությունը, քանի որ կան որոշակի չափանիշներ, որոնք հիմնականում բացառում են սուբյեկտիվիզմը: Նախ՝ HRW-ը, որքան հասկանում եմ, խնդիր է տեսնում, որ 2015-16 թվականներին խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ քննությունը դադարեցվել է: Կազմակերպությունն արձանագրում է նաև, որ Ամուլսարի հարցով բնապահպանական բողոքների ժամանակ բախումներ են տեղի ունեցել Երևանում՝ ԱԺ-ի մոտ և Ջերմուկում: HRW-ը մտահոգիչ է համարում Հայաստանում ընտանեկան բռնության հարցում առկա վիճակը, իսկ ահա հաշմանդամների իրավունքների ոլորտում արձանագրում է որոշակի առաջընթաց: Զեկույցի 5 էջից 3-ը նվիրված է ԼԳԲՏ խնդիրներին, և այդ հարցում մեր ազգաբնակչության մեծամասնության և իրավապաշտպանների կարծիքները, մեղմ ասած, չեն համընկնում: Ավելին՝ իշխանությունն ու ընդդիմությունը այս հարցին չեն անդրադառնում: Որովհետև, եթե իշխանությունն ասի՝ «չէ, HRW-ը սխալ է, և Հայաստանում հուսալիորեն պաշտպանված են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները, մեզանում չկա հոմոֆոբիա, չկան ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ այդ մարդկանց հանդեպ», ապա դա իշխանության վարկանիշի վրա բացասաբար կազդի՝ հասարակության մեծամասնությունն ուզում է, որ լինեն թե՛ ճնշումներ, թե՝ հոմոֆոբիա: Եթե ընդդիմությունն ասի, որ HRW-ը ճիշտ է քննադատում այս հարցում, ապա, հասարակության մեծամասնությունը կասի՝ «ուրեմն, դուք դրանց կողմի՞ց եք»: Վախենալով մեծամասնությունից, մեր քաղաքական և հասարակական գործիչները «դուխ չունեն» արձանագրելու այն, ինչ արձանագրում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր