211652_close_icon
views-count1658 դիտում article-date 19:46 05-01-2020

Դատական համակարգի հանդեպ ճնշումների առումով 2019-ը վատագույն տարին էր. դրանք կշարունակվեն նաև այս տարի. իշխանությունները ցանկանում են, որ անխտիր բոլոր դատավորները ենթարկվեն իրենց. Լուսինե Սահակյան․ Tert.am

Դատարանների հանդեպ միշտ ճնշումներ եղել են, բայց 2019-ը այդ իմաստով վատագույն տարին էր: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/05/sahakyan/3178904?fbclid=IwAR0ShieGRqv5fNLnLkk-EHmSifW8cUjbtR1FemGjAj8sKgjnG2U22Spa1CI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: «Անկախ դատական համակարգ չենք ունեցել, ունեցել ենք պարզապես անկախ դատավորներ, սակայն այս աստիճան բացահայտ ճնշումներ չէին եղել: Առանձին դատավորների կողմից կայացրած որոշումներով պայմանավորված՝ իշխանությունների կողմից հարձակումներ սկսեցին դատարանների վրա: Այս իշխանությունները ցանկանում են, որ անխտիր բոլոր դատավորները ենթարկվեն իրենց»,-ասաց Սահակյանը՝ նշելով, թե և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինները մոռացան, որ իրավունք չունեն ճնշում գործադրելու դատական իշխանության նկատմամբ: «Ճնշումներ սկսվեցին Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ: Սկզբում ճնշումն արտահայտվում էր ուղղակի բառերով, հետագայում՝ գործողություններով: Ճնշումներ եղան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկների, ընտանիքի անդամների հանդեպ: Բանը հասավ նրան, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատությունից զրկվեց»,-հիշեցրեց փաստաբանը, ապա հավելեց, թե ճնշումներին էլ հաջորդեց ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի նախագիծն ու դրա՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրումը: «Օրենքով իշխանություններն իրենց ոչ հաճո ՍԴ դատավորներն, ըստ էության, կաշառք են առաջարկում: Բայց պետք է ասել, որ, համենայնդեպս, ՍԴ դատավորները ցույց տվեցին, որ ճնշումներին դեռևս դիմադրում են, ինչն, իհարկե, իրենց պատիվ է բերում»,-ասաց Սահակյանը, ապա հավելեց, թե այսօր ունենք անկախ ՍԴ, ինչը երբևէ չենք ունեցել: «Եթե ՍԴ դատավորները մնան այնքան կայուն, որ չգնան վաղ կենսաթոշակի, ցույց կտան, որ իրական դատավորներ են»,-ընդգծեց փաստաբանը: Վերջինիս խոսքով՝ դատական համակարգի վրա ճնշումները բերեցին նաև նրան, որ որոշ դատավորներ, որոնք փաստաբանական շրջանում անկախ չէին համարվում, ցույց տվեցին, որ կարող են դիմադրել ճնշումներին, ոմանք, որոնք միշտ վախեցել են, շարունակեցին այդպես էլ կախյալ մնալ, իսկ որոշ դատավորներ, որոնք երբեմն իրենց թույլ էին տալիս անկախ օրինական ակտեր կայացնել, ճնշումներից հետո արդեն զգաստացել են, և այլևս իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ չեն կայացնի: Փաստաբանը կարծիք հայտնեց առ այն, որ ՍԴ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են նաև այս տարի, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունները չեն էլ ցանկանում հանձնվել իրենց սկսած գործընթացում: «Այդ գործընթացը շատ վտանգավոր է պետության համար, և ես հույս չունեմ, որ իշխանությունները դա կգիտակցեն և կանգ կառնեն»,- ամփոփեց Լուսինե Սահակյանը: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/05/sahakyan/3178904?fbclid=IwAR0ShieGRqv5fNLnLkk-EHmSifW8cUjbtR1FemGjAj8sKgjnG2U22Spa1CI]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր