211652_close_icon
views-count69179 դիտում article-date 21:48 28-12-2019

Դեպքի մանրամասներին չտիրապետելով, փորձում էին ճանապարհային ոստիկանին մեղադրել 63-ամյա քաղաքացու մահվան մեջ, մինչդեռ հենց ճանապարհային ոստիկանն է մի քանի անգամ ահազանգել շտապօգնություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել իր էջում ու առանց հիմքերին ծանոթանալու, գնահատական էր տվել Ճանապարհային ոստիկանության աշխատակցին, նրան անհիմն մեղադրելով 63-ամյա քաղաքացու մահվան մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգտատերը գրել էր, որ Գյումրիում ճանապարհային ոստիկանի և խախտում կատարած վարորդի միջև վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ճանապարհային ոստիկանը «շտապօգնություն» չի ահազանգել և վարորդին մեղադրել է, թե խախտումն արձանագրելուց խուսափելու համար ձևացնում է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հրապարակման համաձայն՝ վարորդին հիվանդանոց է հասցրել օգնության հասած որդին, որտեղ էլ տղամարդը մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով, հրապարակումից կարճ ժամանակ անց, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի կարգադրությամբ, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում 63-ամյա տղամարդը տաքսի ավտոմեքենան վարել է հանդիպակած երթևեկելի մասով՝ կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ ստեղծելով վթարային իրավիճակ մյուս վարորդների համար: Տեղում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը։ Վարորդը փորձել է թույլ չտալ, որ նրանք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեն։ Արձանագրությունը կազմվել է, սակայն վարորդը հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ ու նստել է իր մեքենան։ Այդ ընթացքում վարորդը չի բողոքել ինքնազգացողության վատացումից։ Այնուհետև ճանապարհային ոստիկաններին է մոտեցել ուղևորը և հայտնել, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանն անմիջապես ռադիոկապով և անձնական հեռախոսով զանգահարել է «շտապօգնություն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «շտապօգնության» կայանում արձանագրվել է ճանապարհային ոստիկանից ստացված երկու, իսկ ճանապարհային ոստիկանության հերթապահ մասից ստացված երեք զանգ։ Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հենց ճանապարհային ոստիկանի զանգով ժամանած «շտապօգնության» մեքենայով։ Ավելի ուշ նույն օգտատերը մեկ այլ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ խոստովանել է, որ ճիշտ չէ եղել և հետաքննությամբ հաստատվել է, որ ճանապարհային ոստիկանները գործել են օրենքի սահմաններում և իրենց պարտականությունները կատարել են պատշաճ կերպով: Հուսով ենք, որ սենսացիաների սիրահարները հետագայում չեն փորձի անհիմն կերպով մեղադրել Ճանապարային ոստիկաններին, նամանավանդ՝ Շիրակի մարզի, քանի որ նույն Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները բազմաթիվ կյանքեր են փրկել, այդ թվում՝ ոչ միայն վարորդների, այլև՝ ուղևորների, որոնց մասին [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը բազմիցս ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել: Եվ այդ ոստիկանների մեջ է եղել նաև օգտատիրոջ կողմից անհիմն մեղադրվող ճանապարհային ոստիկանը: [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է նաև ՀՀ ոստիկանության տեսանյութը, որտեղ ապացուցվում է, որ ճանապարհային ոստիկանը մարդկային և սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել ինքնազգացողությունը վատացած քաղաքացու հանդեպ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր