211652_close_icon
views-count1210 դիտում article-date 19:34 19-05-2015

Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ 5-րդ գումարման խորհրդարանի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Իր խոսքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի՝ 2010-2015 թվականների կատարած աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարել օրինաստեղծ, քաղաքական եւ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված այլ գործառույթներին։ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ 5-րդ գումարման ողջ ընթացքում խորհրդարանն ընդունել է 440 օրենք։ Անցած 11 նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել է 51 լիագումար եւ 5 արտահերթ նիստ։ Պատգամավորների մասնակցությունը լիագումար նիստերին եղել է բավարար: Օրենսդրական նախաձեռնությունների ընդհանուր թիվը կազմել է 493, որից 4-ը` հանրապետության նախագահինն է, 17-ը` պատգամավորներինը, 472-ը` կառավարությանը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ խորհրդարան-ընտրող կապը 5-րդ գումարման Ազգային ժողովում թեպետ հաջողված չէր, բայց այն նույնպես արտահայտվել է ինչպես ընդունելությունների, անձնական հանդիպումների, պատգամավորական այցերի, այնպես էլ՝ քաղաքացիների գրավոր դիմումների եւ Ազգային ժողովի կողմից դրանց ընթացքավորման տեսքով։ Մասնավորապես, խորհրդարանի ղեկավարի կողմից կատարվել է 418 քաղաքացու ընդունելություն։ Ամփոփելով անցած հինգ տարիների գործունեության հիմնական արդյունքները` ԱԺ նախագահն ընդգծել է, որ Արցախի խորհրդարանի գործունեության գլխավոր առանձնահատկությունը հաշվետու ժամանակահատվածում միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միանալու գործընթացի մեկնարկն է: Գործող խորհրդարանը հետեւողական է եղել նաեւ միջխորհրդարանական կապերի խորացմանը: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը լուրջ նախադրյալ կհանդիսանա Արցախում խորհրդարանական ավանդույթների հետագա զարգացման ու նորընտիր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հիմունքներով գործունեության համար՝ ի շահ ԼՂՀ անկախ պետականության եւ նրա քաղաքացիների սպասումների արդարացման:

Նմանատիպ նյութեր