4896 դիտում
23:24 26-12-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի «ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է» վերնագրով հրապարակման վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային հարցերի քննարկմամբ և որոշումների ընդունմամբ:
Նախքան նիստի օրակարգի հաստատումը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը տեղեկացրեց, որ խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ. մասնավորապես այլևս խորհրդի անդամ չեն Արթուր Իսրայելյանը, Սոսէ Ղազարյանը և Աստղիկ Մնացականյանը, փոխարենն այսուհետ խորհրդի անդամներ են Գրիգոր Հայրապետյանը, Շուլի Հակոբյանը և Աստղիկ Վարդումյանը:
Գևորգ Մուրադյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցին՝ նշելով, որ ենթադրվում էր՝ ԿԳՄՍՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է ընդունվի դեկտեմբերին. «Եթե ԱԺ-ի կողմից նախագիծը հաստատվեր, ապա դրանից հետո Հոգաբարձուների խորհուրդը պետք է լուծարվեր: Այսինքն՝ մենք գուցե չհասցնեինք անցկացնել մրցույթը: Բացի դրանից՝ մենք հաշվի ենք առել ԵՊՀ-ում տիրող հուզական վիճակը: Այս պահին մենք պատրաստ ենք ԵՊՀ ռեկտորի ընտրությանը»:
Նա պարզաբանեց, թե ինչու այսօրվա նիստի օրակարգում հարցը ներառված չէ՝ փաստելով, որ ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգում կան դրույթներ, որոնք հնացած են և խնդրահարույց. «Հունվարին մենք կարող ենք հայտարարել մրցույթ, ինչը նշանակում է, որ մարտի կեսին մենք կունենանք ԵՊՀ ընտրված ռեկտոր»:
Գևորգ Մուրադյանն առաջարկեց նաև օրակարգում ներառել ՀՀ ոստիկանության գործելաոճի վերաբերյալ քննարկման հարցը՝ այն համարելով անընդունելի: Խորհուրդը միաձայն ընդունեց առաջարկությունը:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց օրակարգից հանել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը՝ նշելով, որ խորհրդի անդամները չեն ստացել դրանց վերաբերյալ հիմնավորումներ և չգիտեն՝ ինչ են քննարկելու: Առաջարկության վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ ասելով, որ առաջարկվում է ստեղծել կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը, որոնք կարող են ներկայացնել դրանց ղեկավարները:
ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ հարցը քննարկվել է գիտխորհրդում, և եթե Հովհաննես Հովհաննիսյանը ցանկանում էր հիմնավորումներ ստանալ, կարող էր էլեկտրոնային փոստով տեղյակ պահել այդ մասին և ստանալ: Ի պատասխան Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ինքը՝ որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ, շատ լավ գիտի իր գործառույթները, և չպետք է խնդրի այդ հիմնավորումները, այլ մյուս անդամների հետ պետք է ժամանակին և պատշաճ ձևով ստանա դրանք: Ծագած քննարկումների ժամանակ Գեղամ Գևորգյանը պնդեց, որ հետաձգելով հարցը՝ հարվածի տակ են դրվում որոշ նախաձեռնություններ: Քվեարկության արդյունքում որոշվեց հարցը թողնել օրակարգում:
Դավիթ Ափոյանն առաջարկեց օրակարգում, այնուամենայնիվ, ներառել ռեկտորի ընտրության վերաբերյալ քննարկման հարցը և տեղում լուծել կանոնակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներն ու մրցույթ հայտարարել՝ պնդելով, որ ռեկտորի ընտրությունն օրհասական է բուհի համար, քանի որ շուտով պետք է կազմվի զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, որը կարող է իրագործել մանդատ և համապատասխան ծրագիր ունեցող ռեկտորը:
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն առաջարկեց այսօր ստեղծել հանձնախումբ, որը կուսումնասիրի կանոնակարգը և կներկայացնի եզրակացություն, ըստ որի՝ խորհուրդը կորոշի՝ հայտարարե՞լ մրցույթ, թե՞ ոչ: Ի պատասխան Գևորգ Մուրադյանի հիմնավորումների, թե տեխնիկական, բովանդակային և ժամանակային խնդիրները կարող են ավելի մեծ խոչընդոտներ առաջացնել, Արթուր Վաղարշյանն առաջարկեց ստեղծել հանձնախումբ, որը կզբաղվի այդ խնդիրների շտկմամբ:
Խորհուրդը մերժեց ՈՒԽ նախագահի առաջարկը, բայց հաստատեց այսօր հանձնախումբ ստեղծելու Արթուր Վաղարշյանի առաջարկը, որը կզբաղվի ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակմամբ:
Անցնելով օրակարգային հարցերին՝ Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նոր քարտուղար՝ միաձայն հաստատելով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Գրիգոր Հայրապետյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ նախկին քարտուղար Արթուր Իսրայելյանը հուլիսին նշանակվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր և ի պաշտոնե չէր կարող համատեղել:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում փոփոխություններ կատարելուն, որը ենթադրում էր երեք նոր կենտրոնների ստեղծում:
Առանձին քննարկելով յուրաքանչյուր կենտրոնի հարցը՝ Գեղամ Գևորգյանը նախևառաջ ներկայացրեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետին կից «Ամերիկյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու առաջարկությունը՝ փաստելով, որ նախագիծն իրականացվելու է համապատասխան դրամաշնորհի միջոցներով, իսկ համալսարանի կողմից չի համաֆինանսավորվելու:
Նա փաստեց, որ այս կենտրոնի մեկ տարվա գործունեությունը կազմակերպելու համար արդեն հատկացվել է ֆինանսավորում, և կա նախնական պայմանավորվածություն՝ հետագա երկու տարիների համար ևս հատկացնել ֆինանսական միջոցներ. «Հունվարին Վահագն Ագլյանի և Ալեքսանդր Մարգարովի հետ, որոնք ղեկավարելու են կենտրոնը, մեկնելու ենք ԱՄՆ և ամսի 11-ին ստորագրելու ենք պայմանագիրը»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կարծիքով, այժմ կենտրոնի ստեղծման որոշումն անտրամաբանական է, քանի որ դրա հաստատումը կարելի էր իրականացնել պայմանագրի ստորագրումից հետո. «Եթե դա պահանջ է մյուս կողմից, շատ անտրամաբանական է: Ծրագիր սկսելու և իրականացնելու գործընթացն այդկերպ չի լինում: Մենք ունենք զուտ խոստում, և եթե դա չիրականացվի, նորից պետք է որոշում կայացնենք կենտրոնը փակելու վերաբերյալ»:
Գեղամ Գևորգյանը պարզաբանեց, որ եղել է մրցութային դրամաշնորհ, որի վավերացումը լինելու է ամսի 11-ին: Նրա փաստմամբ, ռիսկեր չկան, քանի որ համալսարանը չի ֆինանսավորելու: Ծավալված քննարկումներից և հարցադրումներից հետո խորհուրդը որոշեց հաստատել կենտրոնի ստեղծման առաջարկությունը:
ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոն ստեղծելու առաջարկության վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ կենտրոնում ոչ միայն դասավանդվելու, այլև մշակվելու են լեզուների ուսուցման և թեստավորման մեթոդներ: Ծրագիրը լինելու է ինքնաֆինանսավորվող, իսկ շահույթի որոշակի տոկոսը փոխանցվելու է ԵՊՀ-ին: Գեղամ Գևորգյանը խոսեց նաև կենտրոնի գործառույթների և հեռահար նպատակների մասին:
Կենտրոնի ստեղծման, դրա գործունեության, գործառույթների և հեռանկարների վերաբերյալ հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանեց նախաձեռնության հեղինակ Մարգարիտա Ապրեսյանը:
Քննարկումների ժամանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն առաջարկեց, այնուամենայնիվ, ստանալ հիմնավորումներ, հետո նոր միայն հաստատել կենտրոնների ստեղծման առաջարկությունները, քանի որ ՀԽ անդամները լիարժեք չեն տիրապետում տեղեկատվությանը և միայն գիտխորհրդի որոշումները հաստատելու համար չեն հավաքվել:
Գևորգ Մուրադյանն ասաց, որ տեխնիկապես առաջարկությունը հնարավոր չէ ընդունել, որից հետո նորից ծավալվեցին քննարկումներ, հնչեցին կարծիքներ ու հարցադրումներ, որոնց ավարտին ՀԽ-ն ընդունեց կենտրոնի ստեղծման առաջարկությունը:
Անցնելով հաջորդ առաջարկին՝ ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց ԵՊՀ բիզնես դպրոցի ստեղծման նախաձեռնությունը՝ նշելով, որ դպրոցը վճարովի հիմունքներով իրականացնելու է 3 հիմնական ծրագիր. «Բիզնես դպրոցում իրականացվելու է խորհրդատվություն գործարարների համար, նախատեսվում է մագիստրոսական ծրագրերի իրականացում, ինչպես նաև կարճաժամկետ դասընթացների անցկացում»:
Ռաֆայել Բարխուդարյանի ելույթի ժամանակ Հայկակ Արշամյանն իր վրդովմունքը հայտնեց՝ փաստելով, որ առանց հիմնավորումներ ունենալու բոլոր առաջարկություններն ընդունվում են, ապա լքեց նիստերի դահլիճը: ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ ԵՊՀ պրոռեկտորի ելույթի ժամանակ ցուցադրական նիստերի դահլիճը լքելը վիրավորական է, հատկապես այն դեպքում, երբ քննարկվում է նոր կենտրոն ստեղծելու հարցը: Հարցադրումներից ու կարծիքներից հետո խորհուրդը չընդունեց առաջարկությունը:
Անդրադառնալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու հարցին՝ պարոն Գեղամ Գևորգյանը նշեց, որ փոփոխություն պետք է կատարել՝ հաշվի առնելով ԿԳՆ-ի անվանափոխությունը ԿԳՄՍՆ-ի: Արթուր Վաղարշյանն առաջարկեց հետագայում տեխնիկական նման խնդիրներից խուսափելու համար ԿԳՄՍՆ-ի փոխարեն նշել ոլորտի կառավարման օրենքով սահմանված մարմին: Գևորգ Մուրադյանն առաջարկեց, այնուամենայնիվ, հետագայում իրավական հակասություններից խուսափելու համար ընդունել ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկված տարբերակը, ինչը հաստատվեց ՀԽ-ի կողմից:
Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվեց հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2020 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որը նախապես տրամադրվել էր ՀԽ անդամներին: Հարցի քննարկման ժամանակ հնչեցին մի շարք հարցադրումներ, եղան առաջարկություններ, որոնցից հետո ՀԽ-ն հաստատեց նախահաշիվը:
Անցնելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2020 թ․ հաստիքացուցակի հաստատման հարցին՝ Գևորգ Մուրադյանը պարզաբանեց, որ կա ՀԽ որոշում՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի վերաբերյալ, որն այժմ դատական վիճարկման փուլում է, կենտրոնը ներառված է լինելու հաստիքացուցակում՝ մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը:
Դավիթ Ափոյանը հետաքրքրվեց, թե ինչու է կենտրոնի հետ կապված հարցը, որը ՀԽ 12-րդ նիստում չէր ընդունվել, նորից դրվել քվեարկության՝ հարցման կարգով: Նա նշեց, որ առնվազն ՀԽ 8 անդամ անօրինական է համարել այդ գործընթացը, ապա խնդրեց պարզաբանել, թե ինչու պետք է ՀԽ որոշ անդամներ իրենց ժամանակը կորցնեն դատարանում:
Ի պատասխան՝ Գևորգ Մուրադյանը նշեց՝ եղել է հիմնավորում, որը կարող էր և չբավարարել որոշ անդամների: Նա փաստեց, որ 12-րդ նիստին շատ անդամներ ներկա չէին, և վերջնական որոշում կայացնելու համար նորից ուսումնասիրություն է եղել: Բացի դրանից՝ դատական լսումներին մասնակցելու ծանուցումը, նրա փոխանցմամբ, չի պարտադրում ոչ ոքի ներկայանալ: Դավիթ Ափոյանը՝ որպես արձագանք, մեղադրեց Գևորգ Մուրադյանին, որ վերջինիս ցանկությունների և օրենքը շրջանցող գործողությունների պատճառով ԵՊՀ-ն այսօր հայտնվել է դատարաններում:
Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը հորդորեց պահպանել օրակարգը, քանի որ մարդիկ նիստը դիտարկում են որպես հարթակ՝ ուրիշների ժամանակի հաշվին անելու պնդումներ և հայտարարություններ: Նա առաջարկեց կանոնակարգել և հերթագրել ելույթները: Ի պատասխան Դավիթ Ափոյանը պնդեց, որ ՀԽ նիստի ժամանակ յուրաքանչյուր անդամ, որն ասելիք ունի ԵՊՀ-ի վերաբերյալ, իրավունք ունի արտահայտվելու՝ անկախ նրանից մյուսների ժամանակը ներում է, թե ոչ: Նա Համազասպ Դանիելյանին առաջարկեց ժամանակ չունենալու դեպքում դիմում գրել և դուրս գալ: ԱԺ պատգամավորը որպես արձագանք ասաց, որ ԵՊՀ-ի համար ունի ժամանակ, սակայն դեմագոգիայի ժամանակ չունի:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2020 թ․ հաստիքացուցակը: Այնուհետև Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման էր ենթարկվել Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով:
Նիստի ժամանակ անդամները միաձայն դատապարտեցին ՀՀ ոստիկանության գործողությունը և հաստատեցին միասնական հայտարարությամբ հանդես գալու առաջարկը: Քննարկումից հետո որոշվեց տարածել հետևյալ հայտարարությունը.
«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված ՀՀ ոստիկանության գործելաոճը: Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցներն ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել ոչ պատշաճ հիմնավորված գործողությունները և պահանջում ենք Ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն և համարժեք գնահատական ողջամիտ ժամկետում»:
Ապա անցնելով օրակարգային վերջին հարցին՝ որոշվեց ձևավորել հանձնախումբ, որի կազմում ընդգրկված կլինեն Դավիթ Ափոյանը, Արթուր Վաղարշյանը, Սմբատ Գոգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Գևորգ Մուրադյանը:
Օրակարգային հարցերի սպառումից հետո Գեղամ Գևորգյանն ընթացիկ հարցերի շրջանակում առաջարկեց փոփոխություն կատարել ԵՊՀ ԻՄ մասնաճյուղի տնօրենի ընտրման կարգում՝ նշելով, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով նշվում է, որ այն ընտրվում է, իսկ ըստ ԵՊՀ կանոնադրության՝ նշանակում է ռեկտորը:
Գևորգ Մուրադյանն էլ անդրադարձավ իրականացված աուդիտին՝ մտահոգություն հայտնելով, որ այն զարգացման որևէ առաջարկ չի ներկայացնում: Նա առաջարկեց հաջորդ անգամ ոչ միայն ֆինանսական, այլև բովանդակային աուդիտ իրականացնել: Բացի դրանից՝ Գևորգ Մուրադյանն առաջարկեց հետագայում աշխատավարձերի ձևավորման վերաբերյալ կազմել և սահմանել չափորոշիչներ:
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
19:30 19-06-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է «Ժամանակ» օրաթերթի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ
1776 դիտում
13:12 13-11-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է «Ժամանակ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ
1194 դիտում
15:17 28-04-2020
ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Ժամանակ» օրաթերթի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը