FAF. Ունենք որոշում ստեղծված իրավիճակում մեր աջակցությունը հայտնել Արմեն Մելիքբեկյանին
Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF ֆան-ակումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Շուրջ 1 ամիս առաջ FAF-ի նախաձեռնած 3 պահանջներից 2-ի՝ ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործկոմի հրաժարականի իրականացումից հետո, FAF-ն ուներ ներքին կայացրած որոշում՝ ՀՖՖ նախագահական ընտրություններում պահպանելով չեզոքություն՝ հետամուտ լինել 3-րդ պահանջի կատարմանը՝ ֆեյք ՀԿ-ների ֆիլտրացման հարցին։
Ռուբեն Հայրապետյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ վերջինս հանրային հաստատեց՝ Թովմաս Գրիգորյանին սատարելու և քարոզարշավին մասնակցելու մասին, կարող ենք փաստել՝ 3 տարի տևած մեր պայքարը Ռուբեն Հայրապետյանի դիկտատուրական կայսրության, վարած քաղաքականության, կեղտոտ բարքերի դեմ՝ հեղափոխությամբ ավարտված չէ և այն թևակոխում է վերջին՝ վճռորոշ փուլ։
Մեզ հասած տվյալներով քարոզարշավի ընթացքում ահաբեկվում են ինչպես ընտրությանը մասնակից ՀԿ նախագահներ, ՀԿ-ի ներկայացուցիչ պատվիրակներ, այնպես էլ ֆան շարժման ներկայացուցիչ անդամներ։ Այժմ կարող ենք փաստել Ռուբեն Հայրապետյանի և իր ամբողջ թիմի հնարավոր վերադարձը լինելու է Թովմաս Գրիգորյանի տեսքով»:
Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների մասով FAF-ի դիրքորոշումն այսպիսին է.
«Այս նախագահական ընտրություններում մեր առաքելությունը լինելու է հնի վերադարձի բացառումը։ Չունենալով մեր կողմից առաջադրված թեկնածու՝ ունենք որոշում ստեղծված իրավիճակում մեր աջակցությունը հայտնել Արմեն Մելիքբեկյանին, ով չի թաթախված եղել նախկինների կեղտոտ խաղերի մեջ և հավատում ենք, որ կարող է տանել հայկական ֆուտբոլը մաքրման ուղիով։
Արմեն Մելիքբեկյանի ֆուտբոլային ծրագրի տարբեր դրույթների և իր առկա թիմի մասով ունենք առարկություններ և վերջինիս ՀՖՖ նախագահ դառնալու դեպքում կներկայացնենք մեր տեսլականը, պահանջները իսկ կատարված աշխատանքի գնահատականը կտրվի որոշ խելամիտ ժամանակ ՀՖՖ նախագահի պաշտոնում աշխատելուց հետո»: