Այդպես էլ չիմացանք՝ որն է հեղափոխության տեսլականն ու գաղափարախոսությունը․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է ջարդել հեղափոխության նկատմամբ պետական համակարգում առկա դիմադրությունը: Թե մասնավորապես ի՞նչ դիմադրության կամ, մեծ հաշվով, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, բարդ է ասել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է, օրինակ, պետական ապարատը դիմադրելու Երևանի քաղաքապետարանի ու թաղապետարանների՝ նախկինների ավանդույթը կուրորեն շարունակող ու ամանորյա միջոցառումների համար կլորիկ գումար հատկացնելու հանգամանքին, եթե «հեղափոխական» կառավարիչները երևույթից հրաժարվելու փոխարեն դեռ մի բան էլ որոշել են ավելի ճոխ «կորպորոտիվ» նշել:
Եթե երկրի թիվ մեկ դեմքը դատավորներին «պատերի տակ վնգստացողներ» է անվանում, նրա հորդոր-կոչից հետո դատարանի ելքերն ու մուտքերը շրջափակվում են, դատավորները փորձում են պատուհանից ներս մտնել ու վայր են ընկնում, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դա որակում է որպես «դատավորի էնտուզիազմի ու սեփական ցանկության դրսևորում», ապա եթե անգամ այս ամենին ընդդիմացող կա, ուրեմն էյֆորիան ամբողջությամբ չի մթագնել մարդկանց ուղեղը:
Ընդամենը ստացվեց այնպես, որ պարգևավճար ստացողների մի խմբաքանակին փոխարինելու եկավ մեկ ուրիշը: Այս ցանկը երկար կարելի է շարունակել, բայց մեզ առավել քան հետաքրքրում է, թե իշխանության կարկառուն ներկայացուցիչները որտե՞ղ են թաքցրել այն թուղթը, որում նկարագրվում են հեղափոխության նպատակները, տեսլականը, գաղափարախոսությունը, հոռի ավանդույթները փոխելու ուղիները և այլն: Առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն», «դու մենակ չես», «քյաբաբ-քյաբաբ հետ եք բերելու» ու նմանատիպ արտահայտությունների, դժվար էլ երբևէ որևէ մեկս հասկանա, թե ով ում կամ ինչին է դիմադրում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]