211652_close_icon
views-count3840 դիտում article-date 22:37 19-12-2019

Վահագն Հայրապետյան. «Խաչատրյանը և ջազը» ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանից դուրս»

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագիրը։ Արամ Խաչատրյանի Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից‚ Սովետական Հայաստանի հիմնը‚ Անդատինոն‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ հնչեցին ջազային մշակմամբ։ Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Խաչատրյանը և ջազը» ծրագիրը մեծ սիրով է ընդունվում երաժշտասերների կողմից։ Արդեն մի քանի տարի այն ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճներում։ Այս տարի նույնպես համերգի տոմսերն ամբողջովին սպառվել էին։ Վահագն Հայրապետյանը «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հաջողությունը բացատրում է ինքնատիպությամբ։ «Ծրագիրը միշտ փորձում ենք թարմացնել‚ նոր մշակումներ են ավելանում։ «Խաչատրյանը և ջազը» այն ծրագիրն է‚ որը պետք է հանվի Հայաստանի սահմաններից դուրս։ Արտասահմանի ունկնդիրն այս կերպ նույնպես պետք է հնարավորություն ունենա լսելու Խաչատրյանին։ Սա բարձր նշաձող ունեցող ծրագիր է»‚- ասաց Վահագն Հայրապետյանը։ Արմեն Հյուսնունցը կարծում է‚ որ «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հիմքում Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունն է և մի փոքր ինտրիգ՝ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունները‚ ինչն ունկնդրին շատ հետաքրքրում է և խրախուսում գալ համերգասրահ ու լսել‚ թե ինչպես է ստացվել այդ ուշագրավ նախաձեռնությունը։ Այն‚ որ տոմսերը լավ սպառվում են‚ ըստ պարոն Հյուսնունցի‚ վկայությունն է այն բանի‚ որ այն հաջողվել է։ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը‚ Արմեն Հյուսնունցը‚ Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր