211652_close_icon
views-count1610 դիտում article-date 16:36 19-12-2019

Վարդենիսում ներառական խաղահրապարակ կկառուցվի

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Ծրագիրն իրականություն կդառնա Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ թողարկվող Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ: Խաղահրապարակը կկառուցի ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Խաղը երեխայի իրավունքն է: Վաղ մանկության շրջանում այն էական նշանակություն ունի ոչ միայն ուղեղի զարգացման, այլև` սոցիալական ձիրքերի ձևավորման, մոտորիկայի, երևակայության և հուզական զարգացման համար: Ցավոք, բազմաթիվ համայնքներում հաշմանդամություն ունեցող երեխաները չունեն համապատասխան պայմաններ համայնքային կյանքին մասնակցելու և իրենց հասակակիցների հետ շփվելու համար: Այս նախաձեռնության միջոցով ցանկանում ենք մեկ անգամ ևս ցույց տալ, որ անկախ կարողություններից, երեխաները պետք է ապրեն, խաղան և սովորեն միասին: Վարդենիսում ապրում է մոտ 3000 երեխա, և ես ուրախ եմ, որ հաջորդ տարի նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օգտվել խաղալու իր հիմնարար իրավունքից»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Շաբաթներ առաջ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նոր թափ հաղորդեցինք մեր համագործակցությանը, որի արդյունքում Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շնորհիվ կուտակվող միջոցները կարողանում ենք նաև ուղղել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնց շահառուները հասարակության ավելի լայն շերտերն են: Արդյունքում, մենք՝ բանկը, հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր հայտարարում ենք նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվելու է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շնորհիվ բանկի եկամտից կուտակվող միջոցներով: Վարդենիսում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Այս ծրագիրը իրականություն կդառնա նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 55 հազար քարտատերերի շնորհիվ: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք անել ավելին»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: ««Հայաստան» համահայկական հիմնադրամը ուրախ է կրկին համագործակցել իր վաղեմի գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ։ Բոլոր երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն և հավասար պայմաններ։ Հատուկ խաղահրապարակի կառուցմամբ՝ Վարդենիսի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն կունենան լիարժեք վայելել իրենց մանկությունը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին և իհարկե Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններին»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նմանատիպ նյութեր