211652_close_icon
views-count759 դիտում article-date 13:42 19-12-2019

Խորհրդատվական մարմինը կարող է էֆեկտիվ լինել. վարչապետը՝ ՀԽ նորընտիր նախագահ Ստեփան Սաֆարյանին

Կառավարությունն այսօրվա նիստում Հանրային խորհրդի նախագահ ընտրեց Ստեփան Սաֆարյանին: Նրա թեկնածությունն առաջադրել է վարչապետը։ Վերջինս հույս հայտնեց, որ Ստեփան Սաֆարյանի գործունեությունը նոր կարգավիճակում ավելի արդյունավետ կլինի ի շահ ՀՀ-ի, Արցախի և հայ ժողովրդի: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ սա իր կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել․ «Անկեղծ ասած, սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ: Մեծագույն պատիվ է աշխատել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության համար, նրանց շահերի համար: Մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ: Կփորձեմ ինձնից կախված, իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կամուրջներից մեկը կառավարության եւ հանրության միջեւ: Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար դրանք շատ են: Բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել ձեզ, օգտակար լինել խորհուրդներով»: Վարչապետն արձագանքեց, որ իրականում այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Ստեփան Սաֆարյանը պետք է ստանձնի այս կարգավիճակը, քանի որ ստեղծման առաջին իսկ օրից Հանրային խորհրդի նպատակայնության, գոյության հարցը հարցականի տակ է եղել, և վերջին շրջանում էլ այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ կան: «Ծանր առաքելություն է լինելու Հանրային խորհրդի նոր նախագահի առաքելությունը և, ըստ էության, Ձեր առաջ դրված է բարդ խնդիր հանրության կողմից, սա հանրային խորհրդի վերջին շանսն է, որ որպես խորհրդարանական մարմին կարող է էֆեկտիվ լինել»,- ասաց նա և խոստովանեց, որ ինքն ունեցել է խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտություն, սակայն իրականությունն այլ է եղել:

Նմանատիպ նյութեր