211652_close_icon
views-count1173 դիտում article-date 10:59 18-12-2019

Ընդդիմությունը չպիտի վախենա «պողոսներից»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երևանի ավագանու ամենաակտիվ և ամենաաշխատասեր անդամներից մեկին՝ Դավիթ Խաժակյանին, իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», ուզում է հետ կանչել մայրաքաղաքի «խորհրդարանից»: Հիմնավորումը մոտավորապես հետևյալն է՝ քանի որ քաղաքացիների մեծամասնությունը շփոթում է նրան և «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանին, ու չի հասկանում, թե ինչ է իրականում ասել Դավիթը, իսկ ինչը՝ Թեհմինան, հետևաբար, ավելի լավ է՝ Խաժակյանը Երևանի ավագանիում ընդհանրապես ոչ մի բան չասի: Հակառակ դեպքում, ըստ այդ տրամաբանության, ավագանու անդամներից մեկի՝ Թեհմինայի կոպիտ, անձնավորված հարձակումը քաղաքապետի վրա նսեմացնում է, ստվերում է մյուսի՝ Դավիթի առարկայական և կառուցողական քննադատությունը: Նախ՝ պետք է ասել, որ եթե մարդիկ ավագանու անդամներին շփոթում են, դա իրենց խնդիրն է, նույնիսկ եթե խոսքը հազարավոր կամ թեկուզ միլիոնավոր մարդկանց մասին է: Քաղաքականության թիրախն, իմ համոզմամբ, տգետները չեն կարող լինել՝ տգետներին պետք է լուսավորել՝ ինչը, կարծում եմ, համահունչ է տվյալ կուսակցության թե՛ անվանը և թե՛ գաղափարախոսությանը: Երկրորդ՝ «պողոսային» զանգվածների տրամադրություններով կարող է առաջնորդվել միայն մեկ քաղաքական ուժ՝ «Իմ քայլը». դա իրենց ընտրազանգվածն է, որը կազմում է ՀՀ բնակիչների մեծամասնությունը: Ըստ այդ տրամադրությունների՝ բոլոր նրանք, ովքեր քննադատում են ազգընտիր և «քաղաքընտիր» իշխանություններին, սրիկա են և տականք: Եթե այդ տրամաբանությունն ընդունվում է, ապա ընդդիմադիր գործունեությամբ ընդհանրապես պետք չէ զբաղվել և հարկավոր է առավոտից երեկո փառաբանել, ձոներ նվիրել իշխանությանը՝ «Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին»: Զանգվածներին դա՛ է դուր գալիս: Բայց եթե որևէ կուսակցություն, տվյալ դեպքում՝ «Լուսավոր Հայաստանը», ընտրել է քաղաքական ընդդիմության ուղին, ապա, կարծում եմ, պետք է պատրաստ լինի հարվածների: Ընդ որում՝ երկու կողմերից: Հատկանշական է, որ ԼՀԿ-ի նախաձեռնությանը՝ քննել Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում մնալ-չմնալու հարցը, «Իմ քայլը» և ՀՀԿ-ն միատեսակ արձագանքեցին՝ «ըհը՜, վախեցա՞ք, բա մենք միշտ էլ ասում էինք, որ դուք ընդդիմություն չեք»: Երկու ճամբարների խանդավառությունը հասկանալի է՝ երկուսն էլ շահագրգռված են՝ իրար ունենալ որպես «սփարինգ-պարտնյոր»: Իշխանությանը չափազանց ձեռնտու է, որ միակ ընդդիմությունը լինի ՀՀԿ-ն, այսինքն՝ «գող-ավազակ-թալանչիները, որոնք ձգտում են ռևանշի»: ՀՀԿ-ն էլ, բնականաբար, շատ է ուզում լինել միակ ընդդիմությունը՝ իր շուրջը հավաքելով այս կամ այն պատճառով դժգոհ մարդկանց: Որևէ այլ ընդդիմություն այս սխեմայի մեջ չի տեղավորվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր