211652_close_icon
views-count1363 դիտում article-date 21:36 17-12-2019

Դավիթ Անանյանը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՊԵԿ պատրաստակամությունը ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն չորս ստանդարտների կիրառմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում: Անդրադարձ է կատարվել BEPS 1-ին գործողությամբ ներկայացված էլեկտրոնային տնտեսությունում հարկային մարտահրավերներին, էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին: Կողմերը քննարկել են նաև տրանսֆերային գնագոյացման բնագավառում առկա հիմնահարցերը, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումներն ապահովող գործիքների՝ ՀՀ իրավական դաշտում տեղայնացման հարցը: Քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահը անդրադարձ է կատարել նաև հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման ոլորտում իրականացվող միջոցառումներին: Դավիթ Անանյանը կարևորել է միջազգային ստանդարտներին համապատասխանող տեղեկությունների փոխանակման գործընթացում ՀՀ ՊԵԿ դերակատարությունն ու պատրաստակամությունը: Նշենք նաև, որ այսօր Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: [b] ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր