211652_close_icon
views-count2200 դիտում article-date 12:03 17-12-2019

Գործարարների կանոնները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձություններն էին գործարար Ռուբեն Հայրապետյանի տանը և «փոխկապակցված» վայրերում ստուգումներ կատարելը, դրան հետևած նրա հարցազրույցը «168 ժամին», գործարար Խաչատուր Սուքիասյանի, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և իշխանության այլ ներկայացուցիչների ու ջատագովների կոշտ հակադարձումները: Արդյոք դա հետաքրքիր կլինի՞ լայն զանգվածներին այս շաբաթ՝ ճիշտն ասած, խիստ կասկածում եմ. անգամ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք առաջադրելն առանձնապես շատ չքննարկվեց: Այսքանով հանդերձ՝ գործարարների հանգամանքն, իմ կարծիքով, հետաքրքիր է: Ինչպես հայտնի է՝ նրանց գործը փող աշխատելն է, և դրա մեջ ոչ մի վատ բան չկա. ավելին՝ շուկայական հարաբերությունների պայմաններում, եթե չլինի փող աշխատելու ձգտումը, երկրի տնտեսությունը կանգ կառնի, իսկ դրանից կտուժեն բոլոր քաղաքացիները: Ցանկացած երկրում բիզնեսմեններն իրենց գործն անում են՝ այդ երկրի «խաղի կանոններին» հետևելով: Մեր նման երկրների կանոնները, մասնավորապես, պահանջում են առնվազն լոյալ վերաբերմունք իշխանությունների հանդեպ. եթե բիզնեսմենները ցանկանում են զբաղվել իրենց գործով, նրանք պետք է ենթարկվեն այդ կանոնին: Խաչատուր Սուքիասյանը սկսել է հարստանալ Տեր-Պետրոսյանի ժամանակ, լոյալ էր Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, 2003 թվականին այլ գործարարների հետ միասին ստորագրել էր մի նամակի տակ, որտեղ աջակցում էր Երկրորդ նախագահի՝ կրկին իր պաշտոնում առաջադրվելուն (պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե չաջակցեր): Այդ վիճակը շարունակվում էր մինչև 2007 թվականի աշուն, երբ Սուքիասյանն իր աջակցությունը հայտնեց Տեր-Պետրոսյանին: Քանի որ Տեր-Պետրոսյանը նախագահ չդարձավ, և իշխանությունն, ըստ էության, վերարտադրվեց, գործարարին սկսեցին դաժանորեն հետապնդել և վրեժ լուծել իր քաղաքական դիրքորոշման համար՝մասնավորապես, խլելով նրանից «Բջնի» գործարանը: Դա տևեց մինչև 2012 թվականը, երբ գործարարի հարաբերություններն իշխանության հետ սկսեցին կարգավորվել՝ ձեռք չբերելով, սակայն, շատ ջերմ բնույթ: Հեղափոխությունից հետո եկած իշխանությունն այս գործարարի համար, իհարկե, խիստ բարենպաստ է: Ռուբեն Հայրապետյանը նույնպես սկսեց հարստանալ Տեր-Պետրոսյանի ժամանակ, իսկ հետո «սառը լոյալություն» էր պահպանում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: 2008 թվականին նա չպաշտպանեց Տեր-Պետրոսյանի թեկնածությունը և, հակառակը՝ այն ժամանակ «ընդունված ձևով» մասնակցեց ընտրություններին՝ իշխանության կողմից (էլ չնկարագրեմ, թե ինչն էր ընտրությունների ժամանակ ընդունված): Նրա բիզնեսի համար խիստ բարենպաստ էր Սերժ Սարգսյանի իշխանությունը, իսկ հիմա եկել է նրան հետապնդելու և նրանից վրեժ լուծելու ժամանակը: Երկուսն էլ արել են թե՛ վատ, թե՛ բարի գործեր: Ինչպես բոլորիս մեջ, նրանց մեջ էլ կա և՛ լույս, և՛ ստվեր: Արձանագրելով ստվերը՝ չեմ կարող չտեսնել նաև լույսը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր