211652_close_icon
views-count1613 դիտում article-date 14:18 16-12-2019

Ձնամաքրման համար հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի. Քաղաքապետարան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ: Ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի: «Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար և սպասում ենք ևս 8-ին, որոնցից 3-ն արդեն ժամանել են Հայաստան, իսկ ևս 5-ը նախատեսում ենք այս տարվա ընթացքում»,-նշում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը: ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստ սպասում են առաջին ձյանը: «Բոլոր վարորդներն ունեն իրենց հրահանգները և ձյան գալու դեպքում դուրս են գալիս: Պատասխանատուներ կան, որոնք կոնկրետ մեքենաների ուղղություններով են զբաղվում: Ամբողջ գիշեր պտտվում են տեղամասերում, և եթե է ձյուն էլ չկա, բայց մերկասառույց լինի, այդ պարագայում ևս դուրս են գալիս մեքենաները, և աղ ենք ցանում»,-ասում է Արմեն Գրիգորյան: Մատակարարի կայանում գտնվող երեք բազմագործառութային մեքենաները ևս շուտով կտեղափոխվեն համայնքային հիմնարկի հավաքակայան: Ձմռանը նախապատրաստվելու ընթացքին օրերս ծանոթացավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: «Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,-ընդգծել էր քաղաքապետը: Տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձնամաքրող, այլ նաև աղբատար մեքենաներ: «Մենք այստեղ ապրում, աշխատում ենք, բայց մեզ զգում ենք Երևանի լիարժեք բնակիչ: Երբ իմացանք, որ քաղաքապետարանն աղբահանության համար հատուկ տեխնիկայի կարիք ունի, նախաձեռնություն հանդես բերեցինք և որոշեցինք աջակցել: Թեև աջակցությունը մեծ չէ, սակայն ուրախ ենք, որ այն օգտակար կլինի քաղաքին»,- ընդգծում է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ջոու Հոնյոն: «Մենք բոլորս խոսում ենք, որ սիրում ենք մեր քաղաքը, երկիրը: Ինձ թվում է՝ խոսելուց բացի ամեն մեկս պետք է իր լուման ունենա, որ կարողանանք կերտել լավ քաղաք: Մեր որոշման հիմքում ի սկզբանե եղել է հենց այդ գաղափարը»,- նշում է «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ գլխավոր մենեջեր Գևորգ Գևորգյանը: «Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում Երևանում, և ստանում ենք բավական շահույթ: Որոշեցինք, որ այդ շահույթից ինչ-որ բանով պետք է օգնենք նաև քաղաքին: Կոչ կանենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում Երևանում և, եթե ի վիճակի են, կարող են օգնել, իրենց լուման ներդնեն քաղաքի բարօրության համար»,-ասում է«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Հայկ Իսրայելյանը: «Հեղափոխության շնորհիվ մեզ նման ոչ մեծ հնարավորություն ունեցող մարդիկ կարողացան համախմբվել, ստեղծել ընկերություն ու նաև այդպիսի քայլով հանդես գալ: Ամռանը հիշում եք՝ ինչ իրավիճակ էր քաղաքում: Ընկերության չորս հիմնադիրներով որոշեցինք քաղաքի համար անել մի բան, որը կլինի նաև օրինակ: Դա ի սրտե եղել է մեր ցանկությունը»,-ասում է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ համահիմնադիր Արմեն Ասատրյանը: «Հասկանալով, թե ինչ խնդիրներ կան քաղաքի մաքրության ապահովման ոլորտում ես եմ առաջարկել, որ եթե ինչ-որ ձևով կարող ենք օգտակար լինել, ապա ասեն մեզ: Որևէ բան ստանալու ակնկալիք չունեինք: Ես արել եմ դա զուտ մարդասիրական նպատակներով՝ իմ քաղաքի ու երկրի համար: Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է նման քայլի գնան»,- նշում է «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ հիմնադիր Էդվարդ Աբրահամյանը: Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված գործելաոճ է: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն են անում կամ բարեգործություն են անում Երևանի համար: Սա շատ կարևոր գործընթաց է, որովհետև թեև Երևանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք շատ ավելի շատ են քան բավարարում է բյուջեն: Եվ ուստի մեզ պետք է մեր հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը»,-ասել էր քաղաքապետը: Քաղաքը գործարարներից ընդունում է և ընդունելու է օժանդակություն՝ համայնքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածքների, հանրային գոտիների բարեկարգում, այլ գույք կամ ծառայություն: Նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով օր առաջ բարելավել քաղաքային միջավայրը: Օրակարգը հասանելի է [url=https://www.facebook.com/watch/?v=2946804931998927]հետևյալ հղումով:[/url]

Նմանատիպ նյութեր