211652_close_icon
views-count2881 դիտում article-date 10:47 12-12-2019

Քոչարյանն ինչ ցանել է, դա էլ հնձում է․ 98-ի քարոզչական հիսթերիայի դասերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել»: Եթե նման բան ասեր որևէ հումանիստ՝ ասենք, Լև Տոլստոյը, Մահաթմա Գանդին կամ Ալբերտ Շվեյցերը, ապա ես դա անվիճելի ճշմարտություն կհամարեի: Իսկապես, կալանքով կամ ընդհանրապես մարդու կրած ցավով, տառապանքով ուրախանալը ապակառուցողական էմոցիա է՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը: Ուրիշ բան, որ քաղաքացին կարող բավարարվածության զգացում ունենալ, որ իր պետության օրենքները գործում են, և իր այն համաքաղաքացիները, որոնք խախտել են այդ օրենքները, կանգնել են դատարանի առաջ ու որոշ ժամանակով մեկուսացվել են հասարակությունից: Բավարարվածության զգացում՝ այո, ուրախություն՝ ոչ: Բայց երբ այս պնդումն անում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մի մարդ, որն իր ղեկավարության տասը տարիների ընթացքում զբաղված էր նրանով, որ բորբոքում էր այդ նույն դեստրուկտիվ հույզերը, դա վերին աստիճանի տարակուսելի է: «1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ»,- ասել է Քոչարյանը «Հրապարակին» տված հարցազրույցում: Չեմ կարծում, որ 65 տարեկան քաղաքական գործիչը կարող է մոռանալ, թե ինչ էր կատարվում 98 թվականին, երբ առաջին նախագահին ուղղված «Ղարաբաղը ծախելու» կեղծ մեղադրանքով նա եկավ իշխանության: Այո, հասարակական կարծիքը խիստ բացասաբար էր տրամադրված Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի հանդեպ: Բայց այն պնդումը, թե ինքը՝ Քոչարյանը որոշել էր ապագա կառուցել, ոչ թե պայքարել անցյալի դեմ, ամենևին չի համապատասխանում իրականությանը: 1998-ի գարնանից սկսած քոչարյանական քարոզչությունը՝ «Հայլուրի» գլխավորությամբ և դաշնակցական մամուլի մասնակցությամբ հիստերիա էր բորբոքում «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ՝ թիրախավորելով Տեր-Պետրոսյանին, Սիրադեղյանին, Շահնազարյանին և նախկին այլ ղեկավարների: «ՀՀՇ-ականն» այն ժամանակ հայհոյանք էր և հավասարազոր էր «թալանչի» որակմանը: Հորինվել էր «ցրտի-մթի տարիներ» քարոզչական պիտակը, որը կոչված էր ստվերել արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակը: Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար էր նշանակվել Դավիթ Վարդանյանը, որը «մուռ ուներ» նախկին զինակիցների հանդեպ և «կոմպրոմատներ» էր պեղում նրանց դեմ (առանձնապես բան չգտավ): Հեռու եմ այն մտքից, որ 1991-98 թվականներին հանցագործություններ չեն կատարվել, բայց դրանցով պետք է զբաղվել առանց ամբոխի ստորին բնազդները բորբոքելու: Այնպես որ, Քոչարյանը շատ ագրեսիվ ձևով պայքարում էր անցյալի դեմ: Ինչ ցանել է, դա էլ հնձում է: Ինչի համար եմ այս ամենը հիշեցնում: Երկրորդ նախագահին ճշմարտությունը բացարձակապես պետք չէ՝ նա զբաղված է իր «պաշտպանական մարտավարությունն» իրագործելով: Բայց գուցե դա պետք է այսօրվա իշխանությանը, գուցե այն դասեր քաղի 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից և դրանց հետևանքներից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր