1847 դիտում
12:08 11-12-2019
Արե՛ք Ձեզնից ակնկալվող նախագահական քայլը. Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Ազգային Ժողովի մեծամասնությունը, ի հեճուկս բազմաթիվ զգուշացումների, կողմ քվեարկեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնելու նոր՝ 4.1-ին մասով։
Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Այս նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Եթե ՍԴ դատավորներն օգտվեն նախագծով նախատեսված՝ վաղ կենսաթոշակի իրավունքից, արդյունքում ՍԴ-ն այլևս չի կարող լինել վստահություն ներշնչող կառույց: Առայժմ Սահմանադրական դատարանը մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Արհեստական ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, այլ ոչ՝ ՍԴ-ում։ ՍԴ բնականոն աշխատանքը և Սահմանադրության երաշխավորման համար որոշումների կայացումը դրա վառ ապացույցն է։
Ակնհայտ է, որ ՍԴ դատավորի համար վաղ կենսաթոշակի անցնելու դրույթը, այն էլ՝ երկամսյա ժամկետով սահմանափակված, ուղղված է ՍԴ դատավորներից ազատվելուն: Ըստ էության, նախագիծն ուղղված է անձերի փոփոխությանը, կառավարելի դատավորներով ՍԴ ձևավորմանը։ Սա լուրջ ազդեցություն է թողնելու մեր պետության դատական իշխանության և ՍԴ հեղինակության վրա։ Իշխանությունների համար ցանկալի և կախյալ Սահմանադրական դատարանը կորցնելու է իշխանության մյուս ճյուղերին զսպելու՝ իր առաքելությունը։
Ամեն ինչից անկախ, երկրի հեղինակավոր իրավաբանների կարծիքով, օրենսդրական փոփոխությունը հակասահմանադրական է։
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր դիտարկումներում ընդգծել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել իր նախընտրած դատավորներով։
Ուստի միանում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված կոչերին՝ առաջնորդվել իր իսկ կողմից ձևավորած նախադեպով և սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Իշխանությունը, խնդիրը նեղացնելով, այն վերածեց անձնավորված քաղաքական հարցի և լուծումը տեսավ հնազանդ մեծամասնության կոճակների սեղմամբ։
Հարգարժան պարոն Նախագահ։ Դուք կարող եք հանդես գալ որպես երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ ձևավորող։ Ցույց տվեք, որ վեր եք կուսակցական, անձնական շահից, արե՛ք Ձեզնից ակնկալվող նախագահական քայլը, դիմե՛ք ՍԴ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար և առաջարկե՛ք ՍԴ-ին՝ այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով։
[b]Ասյա Օվանյան
«Իմ ձայնը» ՀԿ
Փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ[/b]
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
15:20 04-12-2019
Ակնկալում ենք Ձեր պարզ քայլը. բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
1830 դիտում
22:28 07-12-2020
Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
25314 դիտում
18:40 18-12-2017
Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից