211652_close_icon
views-count1912 դիտում article-date 15:39 07-12-2019

Ֆինանսների նախարար. Մենք դեմ ենք առողջության հարկին

«Կապիտալ ծախսերի արդյունավետության թեման մշտնջենական է, չի կարող լինել մի պահ, որ հասնենք մի կետի, որ հարցը լուծված համարվի: Տրամաբանությունն այն է, որ մինչև բյուջեի կատարման գործընթացն ունենանք փոխհամաձայնության ընկալում արդյունավետության վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով կապիտալ ծախսերի այս տարվա թերակատարումներին և հաջորդ տարվա բյուջեի ցուցանիշին: Անդրադառնալով 6% «առողջության հարկի» ներդրմանը, նախարարն ասաց. «Մենք աշխատում ենք չլինել կտրուկ մեր տեսակետների մեջ, որովհետև ցանկացած տեսակետ համարում ենք, որ գոյության իրավունք ունի, բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ»: Ըստ նրա՝ մի կողմից կառավարությունը հայտարարել է երկրի մրցունակության բարձրացման գործողությունների իրականացում և որպես գին նշել է կարճաժամկետում հարկային փոփոխությունները չեզոք ազդեցություն ունենան, որովհետև չենք կարող կորուստներ ունենալ, քանի որ ծախսերի վարքագիծը պահելու և բարելավելու խնդիր է դրված, և ուղղակի հարկերի բեռի հայեցակարգն ուղղված է նրան, որ տնտեսվարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի նոր հավելյալ արժեք գեներացնելու, մինչդեռ առողջության հարկը հակասում է դրան: «Մի կողմից ուղղակի հարկերի բեռի նվազեցում ենք արել, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը վարձու աշխատողի բեռն է, ոչ թե գործատուի, բայց խոշոր հաշվով դա բեռ է, որովհետև աշխատողն ինքը կարող էր ներդրում կատարել կապիտալի շուկայում՝ ձևավորելով հավելյալ արժեքի ստեղծման պոտենցիալ: Հիմա ստացվում է, որ այդ ներդրումը առողջապահության համակարգում է լինելու: Կարծում ենք, որ պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա հարցը, կան նաև այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանանան»,- ասաց Ա.Ջանջուղազյանը: Նախարարը հայտարարեց, որ իրենք դեմ են առողջության հարկին. «Մեր նախընտրած շեմը 0-ն է: Հարցը չափը չէ, հարցը ուղղությունն է: Մենք այդքան էլ վստահ չենք, որ առաջարկը, ճանապարհը կհասցնի նպատակին՝ առանց կորուստների»:

Նմանատիպ նյութեր