211652_close_icon
views-count1020 դիտում article-date 21:59 06-12-2019

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի հետ

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը նախ շնորհավորել է Տակեո Կանադեին ՀՀ վարչապետի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանանալու առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել մեծ գիտնականին: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները: Խոսելով արդեն իսկ իրականացված ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ 2019թ. ապրիլից քաղաքապետարանը գործարկել է mankapartez.yerevan.am. կայքը, որը հնարավորություն է տվել ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխաներին Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: Բացի այդ, activecitizen.am կայքով էլ քաղաքացիները կարող ներկայացնել սեփական առաջարկները: Հաղթող նախագծերը կյանքի կկոչվեն համայնքի ուժերով: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է և քաղաքի զարգացման մեր տեսլականն առանձնանում է նաև տարբեր ոլորտներում այդ տեխնոլոգիաների կիրառմամբ: Դաշտը բավականին մեծ է, և մենք պետք է արագ տեմպերով բացերը լրացնելով գնանք առաջ»,- նշել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու առումով Հայաստանում իսկապես մեծ ներուժ կա: «Պարոն քաղաքապետ, Ձեր կողմից ներկայացված ոլորտներում շատ առաջադեմ լուծումներ եք առաջարկել, ինչն իսկապես ողջունելի է: Առանձնակի եմ կարևորում նաև քաղաքացիների գաղափարները վերցնելն ու կյանքի կոչելը: Դա ոգևորող նախաձեռնություն է»,- նշել է Տակեո Կանադեն: Որպես խելացի քաղաքի հայեցակարգ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է նաև Երևանի նոր երթուղային ցանցի գործարկումը, որը կարևոր նշանակություն կունենա նաև քաղաքի երթևեկության կանոնակարգման գործում:

Նմանատիպ նյութեր