211652_close_icon
views-count1216 դիտում article-date 19:35 06-12-2019

Արթուր Դավթյանը շնորհակալագրեր է հանձնել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն միջազգային մրցույթի հայաստանյան մրցանակակիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ անդամ 10 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակից-մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» ունկնդիրներին: Մրցույթում ՀՀ 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում արժանացել են երկրորդ մրցանակների: Դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, նրանք կմասնակցեն Մոսկվայում կայանալիք մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Մրցույթի առաջին փուլում ՀՀ ազգային ժյուրին յուրաքանչյուր անվանակարգում ընտրել է լավագույն երեք աշխատանքները: Բացի վերոնշյալներից՝ դրանց թվում են եղել նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացուցիչների, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների կողմից ներկայացված տեսահոլովակներն ու պաստառները: Բոլոր մրցանակակիրները ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով արժանացել են շնորհակալագրերի՝ մրցույթի արդյունքերով մրցանակային տեղեր զբաղեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման աշխատանքներում ակտիվ մասնակցության և այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության հետ ակտիվ համագործակցության համար: Երիտասարդների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը նրանց է հանձնել շնորհակալագրերը՝ շնորհավորելով բոլորին և հաջողություններ մաղթելով ուսման, աշխատանքային գործունեության մեջ և գնահատելով կոռուպցիայի անհանդուրժելիության գաղափարի արմատավորման հարցում հետևողականություն և քաղաքացիական ակտիվություն դրսևորելու նրանց ջանքերը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել որակյալ աշխատանքներրով Հայաստանը բարձր մակարդակով մրցույթի շրջանակներում ներկայացնելու համար: Ըստ գլխավոր դատախազի՝ կարևոր է, որ տեսահոլովակների և պաստառների միջոցով արտահայտված գաղափարները դառնան հատկապես մատաղ սերնդի կենսակերպը՝ այդպիսով օգնելով պետությանը կոռուպցիան արմատախիլ անելու առաքելության մեջ: ՀՀ գլխավոր դատախազը նաև արժևորել է մրցույթի ազգային ժյուրիում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին և «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանին՝ լավագույն աշխատանքների ընտրության հարցում ցուցաբերած շահագրգիռ մասնակցության, այդպիսով մրցույթի թափանցիկությունը, առավել անաչառությունն ապահովելու համար: Գլխավոր դատախազը կարևորել է նաև Հայաստանի ՔՀԿ կոալիցիայի կողմից մրցույթին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև դատախազության հետ շարունակվող համագործակցության համար: Նա հույս է հայտնել, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի նախագծի շարունակումը կարևոր ներդրում կլինի ակտիվ, առաջնորդման ներուժ ունեցող երիտասարդներին հակակոռուպցիոն պրոֆեսիոնալ գիտելիքներ փոխանցելու և համընդհանուր վարքագիծ ձևավորելու հարցում: Գլխավոր դատախազը խնդիր է դրել հանրային իրազեկման, սոցիալական գովազդի գործիքների օգտագործման, ուսանողական ստեղծագործական խմբերի և քաղաքացիական շրջանակների լայն ներգրավվածության ապահովման առումով ակտիվացնել դատախազության համագործակցությունը ուսումնական և հասարակական հաստատությունների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր