211652_close_icon
views-count1678 դիտում article-date 11:13 29-11-2019

Ամերիկացիները մեզ նման դյուրահավատ և դյուրագրգիռ չեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «CNN հեռուստաալիքը, որն, ինչպես հայտնի է ֆինանսավորվում է ԱՄՆ ներկայիս նախագահի քաղաքական հակառակորդների կողմից, ունի հատուկ հաղորդաշար՝ «All the President՚s Lies»՝ «Նախագահի բոլոր ստերը»: Այդ հաղորդաշարի շրջանակներում նախ մեջբերվում է Թրամփի այս կամ այն հայտարարությունը, իսկ այնուհետև կադրից դուրս տեքստերի, ինչպես նաև բազմաթիվ հյուրերի՝ փորձագետների, գիտնականների, մեկնաբանների, «փաստեր ստուգողների» միջոցով այդ հայտարարությունը «սխալ է հանվում»: Հեռուստատեսային մասնագիտական որոշակի փորձ ունեցողի համար պարզ է, թե ինչպես հաղորդաշարի հեղինակները մոնտաժով (տարբեր տեսարանների համադրությամբ), Թրամփին «ոչ հարմար» դիրքով և դիմախաղով ցույց տալով, նրա ասածներից «իրենց ձեռնտու» բառեր և նախադասություններ առանձնացնելով ուժեղացնում են ներգործությունը լսարանի վրա: Այնպես չէ, որ Թրամփը երբեք չի ստում: Ինչպես և աշխարհի բոլոր ղեկավարները, բոլոր քաղաքական գործիչները, նա, իր նպատակներին հասնելու համար, ժամանակ առ ժամանակ մոլորեցնում է հանրությանը՝ թե՛ իր երկրում և թե՛ մնացած աշխարհում: Օրինակ, CNN-ը ճիշտ է նկատել, որ Թրամփը, հայտարարելով Սիրիայի հյուսիսից ամերիկյան զինվորականների դուրս բերման մասին, իրականում դա չի արել, պարզապես մենակ է թողել քրդերին թուրքական կանոնավոր բանակի դեմ: Բայց ընդհանուր առմամբ, հեռուստաալիքի ոչ անաչառ լինելն ակնհայտ է: Օրինակ, Թրամփը խրոխտ կերպով հայտարարում է տնտեսական հաջողությունների մասին, որից հետո ցուցադրվում է սյուժե մի կնոջ մասին, որը խեցգետնի առևտրով է զբաղվում, բայց վերջերս չի կարողանում դրանք վաճառել՝ հաճախորդներն են պակասել: Լրագրողը կնոջը հարցնում է՝ իսկ ինչ կլինի, եթե Թրամփը վերընտրվի՞ (ամբողջ խնդիրն, իհարկե, 2020 թվականի նախագահական ընտրություններն են), և կինը պատասխանում է՝ դե, որ վերընտրվեց, մենք կորած ենք: Մի խոսքով, իշխանությունն ասում է՝ երկիրը ծաղկում է, ընդդիմությունը, 2020 թվականի ընտրություններում Թրամփի մրցակիցները պնդում են, որ երկիրը կործանվում է: Ծանոթ պատկեր է, այդպես չէ՞: Հայաստանի հետ տարբերությունն այն է, իմ կարծիքով, որ ամերիկացիները մեզ նման դյուրահավատ և դյուրագրգիռ չեն: Այո, այսինչ լրատվամիջոցը քարոզում է այսինչի կողմ կամ այսինչի դեմ՝ դա նորմալ է համարվում: Ոչ ոք ձեռքերը ծնկներին չի խփում՝ «վա՜խ, անամոթներ, էդ ո՞նց եք համարձակվում մեր սիրելի նախագահին բան ասել», կամ, հակառակը, չի հրճվում՝ «վա՜խ, ապրես, մեռնեմ դուխիդ՝ շշեցիր»: Քարոզում է՝ թող քարոզի, նրա իրավունքն է, ես էլ կլսեմ, ու իմ հետևությունները կանեմ, կամ էլ՝ չեմ լսի: Այս պայմաններում է, որ գնահատվում են անաչառ լրատվամիջոցները, որոնք ոչ մեկին չեն «շշում»: Եթե CNN-ով դատենք (իսկ դա Հայաստանի «բաց եթերում» միակ ամերիկյան հեռուստաընկերությունն է), ապա Թրամփը անհավասարակշիռ, իր խոսքի գինը չհասկացող մի ծաղրածու է: Բայց կա ամերիկացիների մի ստվար հատված (գուցե մեծամասնությունը), որը շատ բարձր է գնահատում է իր նախագահին: Ճիշտ է, հրճվանքից չի խեղդվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր