211652_close_icon
views-count1489 դիտում article-date 19:21 28-11-2019

Արցախի Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը: Բացման խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ այս օրերին խորհրդարանում ընթացող հանձնաժողովային քննարկումների մասին: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է օրակարգային առաջին հարցի քննարկմանը: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար Դավիթ Խաչատրյանի թեկնածության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, խորհրդարանին առաջարկել է ընտրել նրան: Դավիթ Խաչատրյանի կենսագրական և գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը լսելուց հետո խորհրդարանը անցել է գաղտնի քվեարկության: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ամփոփելով քվեարկության արդյունքները, նշել է, որ քվեատուփում առկա 30 քվեարթերթիկից անվավեր է ճանաչվել 2-ը, իսկ ձայները բաշխվել են 26 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Այսպիսով՝ Դավիթ Խաչատրյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ: Հաջորդիվ խորհրդարանը լսել է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: «2020թ-ի հունվարի 1-ից, կիսամյակային պարբերականությամբ, մինչև 2021թ-ի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգ ծառայությունների սակագները»,- ընդգծել է Միքայել Վիրաբյանը: ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահը նաև պատասխանել է արևային էլեկտրաէներգիայի կայանի կառուցման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին և կառուցված ու կառուցվող ՀԷԿ-երին տրված լիցենզիաների թվի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի և խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հարցերին: Անցնելով օրենսդրական նախագծերին՝ խորհրդարանը քննարակել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ –աշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով օրենքը համապատասխանեցվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո 28 կողմ ձայներով օրենքն ընդունվել է: Ներկայացնելով ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը նշել է, որ այն ևս առաջարկվում է համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը: Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 29 կողմ ձայնով: Նիստի հաջորդ հատվածում պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը: Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: Մինչ հարցուպատասխանին անցնելը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավարի նամակը, որով տեղեկացվում է, որ ԱԺ անկախ պատգամավորներ Արամ Սարգսյանը և էրիկ Հարությունյանը ընդգրկվել են «Հայրենիք» խմբակցության կազմում: Այնուհետև նախարարները՝ պետական նախարարի գլխավորությամբ պատասխանել են պատգամավորների առաջադրած՝ ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափին, օդերևութաբանական ցանցի արդիականացմանը, Ստեփանակերտի նորակառույց հանրակացարանում սենյակների հատկացման կարգին, Ասկերան քաղաքի բժշկական կենտրոնի և Խանձաձոր համայնքի Հայկավան գյուղի դպրոցի շենքային պայմաններին, Հադրութում կաթի մթերման կետի կառուցմանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մատուցած ծառայությունների սակագներին, զորացրված սպաների սոցիալական պաշտպանությանը և այլ թեմաների վերաբերող հարցերին: Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է նոյեմբերի 28-ի երեկոյան մեկնարկող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին՝ կոչ անելով բոլորին ակտիվ մասնակցել: ԱԺ նախագահը նաև հայտարարել է, որ այս տարի Ազգային ժողովի կողմից հիմնադրամին է նվիրաբերվելու 1մլն 400 հազար դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր