211652_close_icon
views-count945 դիտում article-date 20:02 22-04-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը

Ապրիլի 22-ին կայացել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նիստին ներկա էին 30 պատգամավորներ:

7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է ապրիլի 22-ի նիստի հարցերի քննարկմանը:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի՝  ԱԺ նախագահն առաջարկել է լիագումար նիստում քննարկել և ընդունել հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանը:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողին, նաև հանդես են եկել հանրապետության գլխավոր լրատվամիջոցի բարելավմանն ուղղված, ինչպես նաև ազգային գաղափարախոսություն քարոզող հաղորդումների գործարկման առաջարկներով:
Հաջորդիվ օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է  ԱՀ ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրինափաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն  ներկայացվել: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելուց հետո օրինափաթեթը դրվել է քվեարկության, որի արդյունքում 30 կողմ ձայնով օրենքների նախագծերն  ընդունվել են որպես առանձին օրենքներ:

«« Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում հավանության էր արժանացել: Լիագումար նիստում օրենքի նախագիծը ևս  միաձայն ընդունվել է որպես օրենք:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը ներկայացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Հայտարարության բովանդակությունը  ընդունվել է միաձայն:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի առաջարկով ԱԺ նախագահը բարձր ամբիոնից հրավիրել է ՀՀ ԱԺ նախագահին՝ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու  Ստեփանակերտում:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության անդամներին ուղղված հարցերով: Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում 17 պատգամավորների կողմից հնչեցվել է 29 հարց: Դրանք վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Արցախի հարցի շուրջ ընթացող աշխատանքներին, Արցախի բնակչության և պետական նշանակության ճանապարհների անվտանգությանը, հրադադարի խախտման դեպքերին, պատանդների և գերիների ճակատագրերին, վարկային արտոնությունների ծրագրի մեկնարկին,  սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությանը, սպաների բնակարանային ապահովմանը, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին աշխատատեղերով ապահովմանն ու վճարվող աշխատավարձերի անհամաչափ փոխհատուցմանը և այլն:

Նիստի եզրափակիչ փուլում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Սեյրան Հայրապետյանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր