211652_close_icon
views-count1413 դիտում article-date 13:55 28-11-2019

Կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-23թթ․ ռազմավարությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը։ Ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «14 ոլորտներ են ընդգրկված ռազմավարությունում, այդ ամբողջը ծածկում է պետական ֆինանսների կառավարման համակարգը, թվով 27 բաղադրիչներ են առանձնացված և այդ բաղադրիչների համար 56 թիրախներ են առաջարկված ռազմավարության նախագծով, որոնց համար 63 կատարողական վերջնական արդյունքային ցուցանիշներ են սահմանված»,- ասաց Ջանջուղազյանը։ Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի արդար բաշխումն ապահովելն է: Դրա համար պետք է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են՝ ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը և բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը` ձևավորելով մակրոտնտեսական կայունության ապահովման երաշխիքներ։ Բացի այդ՝ ապահովել հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը՝ մակրոհիմնարարների և հարկաբյուջետային կանոնների հիման վրա ծրագրված քաղաքականությանը համապատասխան՝ հաշվի առնելով, որ շեղումները կարող են առաջացնել ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ ընդհանուր մակրոտնտեսական ռիսկեր և վտանգել մակրոտնտեսական կայունությունը, նվազեցնել պետական կառավարման նկատմամբ վստահելիությունը, ինչպես նաև ունենալ բացասական ազդեցություն ՀՀ վարկանիշի և օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։ Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներից են նաև նվազագույնի հասցնել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումները՝ սահմանելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել բյուջեի կատարման գործընթացում պլանավորվածից շեղումների առաջացման պատճառները և քայլեր ձեռնարկել՝ հետագայում դրանց կանխարգելման համար, երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են գերակայություններին և քաղաքականության թիրախներին։ ՊՖԿՀ բարեփոխումների արդիական և կարևոր խնդիրներից է նաև հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը, թվայնացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների կիրառումն ապահովելը։ Միասնական տվյալների բազայի հիման վրա կառուցված Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգը (ԿՖԿՏՀ) կապահովի պետական ֆինանսական կառավարման համակարգի միասնականությունը և ամբողջականությունը։

Նմանատիպ նյութեր