211652_close_icon
views-count1426 դիտում article-date 11:26 22-11-2019

Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին

«Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը: Նոյեմբերի 24-ին Երևանում՝ Արյունաբանական կենտրոնում նախատեսվող այդ իրադարձության մասին «[url=https://armenpress.am/arm/news/996145.html]Արմենպրես[/url]»-ը խոսել է կազմակերպիչների հետ։ «Այս ծրագիրն արվել է 2016-ից շատ երկրներում: Երեխաները իրենց երազանքները, իրենց մտքերը նկարում են հատուկ կտավների վրա, վերջիններից կարվում է տիեզերագնացի հագուստ, որը տիեզերագնացները տանում են տիեզերք: Ամեն անգամ այդ հագուստը՝ սկաֆանդրը մի անուն է ունենում: Այս անգամ հագուստը ունենալու է «Երազող» անունը: Այն շատ խորհրդանշական ու հուզիչ է: Մենք միշտ ասում ենք՝ եթե մտքերդ ուղարկես տիեզերք, անպայման կիրականանան. այն, ինչ մենք մտքով, խոսքով ուղարկում ենք տիեզերք, անպայման իրականանում է: Եվ կարծում եմ, որ դա ուժ տվող ակցիա կլինի երեխաների համար, նրանք կհավատան, որ իրենց նկարած երազանքը սկաֆանդրի տեսքով տիեզերքում մնալով՝ կիրականանա»,-ասաց «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: «Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը: «Երազող»-ը աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին: Դեմիրճյանը նկատեց՝ այս ակցիան նաև ինչ-որ առումով համախմբում է այդ հիվանդությունն ունեցող ամբողջ աշխարհի երեխաներին, միասին բոլորի երազանքն ավելի ուժեղ ու հնչեղ է դառնում: Հայաստան կբերվի նաև տիեզերքում եղած նախորդ սկաֆանդրը՝ «Հաղթանակը»: Հայաստան կգան նաև տիեզերագնացներ, երեխաները հնարավորություն կունենան շփվելու նրանց հետ, տալու տիեզերքի, տիեզերագնացության մասին իրենց հետաքրքրող հարցեր: «Unity » սոցիալական շարժման հիմնադիր Ալյոնա Կուզմենկոն պատմեց, որ նախագիծն ի սկզբանե նախաձեռնվել է ԱՄՆ-ում՝ տիեզերագնաց Նիկոլ Ստոտի և արտ-թերապևտ Յան Սայենի կողմից, իրականացվել է «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի բուժման կենտրոնում, հետո լոկալ ծրագրից դարձել է միջազգային: Դրանում իր մեծ ներդրումն է ունեցել նաև Ալյոնան: Ռուսաստանում ծրագիրը կազմակերպում է «Unity » սոցիալական շարժումը՝ «Ռոսկոսմոս»-ի և մի շարք տիեզերագնացների ակտիվ մասնակցությամբ: «Սկաֆանդր»-ը արտ-թերապիայի ծրագիր է, որի ընթացքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաները և մեծահասակները նկարում են իրենց երազանքները սկաֆանդրի վրա, որն ուղարկում ենք տիեզերք: Նախագծին միացել է «Ռոսկոսմոս»-ը, և ռուսական ու ամերիկյան թիմերը միասին արդեն իրագործել են «Հաղթանակ» սկաֆանդրը և 2017-ին ուղարկել տիեզերք: Այն տիեզերքում մնացել է 138 օր: Դրան մասնակցություն են ունեցել 180 երեխաներ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի 10 կլինիկաներից: Այդ սկաֆանդրը հիմա շատ ցուցադրություններում է ցուցադրվում։ Դա մի հիվանդանոցից մյուսն է տարվում տարբեր երկրներում՝ ոգեշնչելու երեխաներին, նրանց ծնողներին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր