211652_close_icon
views-count2168 դիտում article-date 20:16 21-11-2019

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը

Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցած Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Հովնանյանը և Ավագ Ավանեսյանը։ Զեկույցը կազմվել է ՀՀ գործող օրենսդրության և Հայաստանի մասնավոր կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ կայացած մի շարք քննարկումների հիման վրա, որի մշակման աշխատանքներին ՄԱԿԱԶՀ փորձագետները ներգրավվել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով նաև արդեն իսկ սկսված և նախատեսվող բարեփոխումները։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ նշելով որ Հայաստանը գնում է դեպի տնտեսական հեղափոխություն՝ հիմնվելով բարձր տեխնոլոգիաների և նորարարական գործունեության զարգացման վրա, և այժմ էլ իրականացվում են բիզնես միջավայրի արդիականացմանն ուղղված քայլերը։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ավելացրել է, որ այժմ Հայաստանում ներդրումների իրականացման համար ճիշտ ժամանակն է։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես, որի ընթացքում անդրադարձ է կատարվել զեկույցում տեղ գտած մի շարք առաջարկություններին և ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների՝ նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին, մասնավորապես՝ կայուն զարգացում, ներդրումների խթանում, հարկային քաղաքականություն և արդարադատության բնագավառում փոփոխություններ: Զեկույցի քննարկումներին մասնակցել են ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Միջոցառումն ամփոփել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` նշելով, որ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» նախատեսում է մի նախագիծ այն մասին, թե ինչպես կարելի է առաջ շարժվել կայուն ճանապարհով։ Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկման ընթացքում ընդգծվել են երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Ուսումնասիրվել է նաև հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը: Միջոցառման ընթացքում մասնագիտական քննարկումների և զեկույցում տեղ գտած առաջարկությունների հիման վրա նախատեսվում է մշակել ներդրումային քաղաքականության բարելավման ճանապարհային քարտեզ, որում տեղ գտած գործողությունների կատարումը կնպաստի ՀՀ ներդրումային միջավայրի կատարելագործմանը և ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր