1922 դիտում
21:49 14-11-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաեւայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ շահերից: Նա ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները գործնականում զարգանում են բոլոր ուղղություններով, եւ դրանցում կարեւոր դեր է խաղում նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը:
Այդ համատեքստում նա նշել է, որ վերջին տարիներին առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ղազախստան, իսկ առաջիկայում սպասվում է ղազախական կողմի այց: Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսական ցուցանիշներով արձանագրված է դրական դինամիկա. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 150 տոկոսով:
Ըստ ԱԺ նախագահի՝ թիվն արդեն խոսուն է եւ դեռ առկա է մեծ չիրացված ներուժ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ուղղություններով, երկու երկրները համագործակցում են միջազգային տարբեր ձեւաչափերում: Նա կարծիք է հայտնել, որ տեսակետներն այդ հարթակներում կարող են լինել ավելի հավասարակշռված, իհարկե, առաջին հերթին անվտանգության վերաբերյալ հարցերում: «Մեր երկրի համար կա զգայուն հարց՝ ԼՂ հիմնահարցը: Հայաստանում շատ ընդգծված տեսակետ կա, որ դաշնակիցները միջազգային տարբեր հարթակներում պետք է հաշվի առնեն միմյանց հետաքրքրություններն այսպիսի հարցերում եւս»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա խոսել է նաեւ մշակութային համագործակցության մասին՝ ընդգծելով, որ Ղազախստանի հայ համայնքը բարգավաճում է, ունի բոլոր հնարավորությունները՝ իր ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում եւ շատ լավ իրացնում է այդ հնարավորությունը:
Դարիգա Նազարբաեւան, շնորհակալության հայտնելով ընդունելության համար, նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել Արարատ Միրզոյանի հետ: Նա հայտարարել է, որ կարող է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները վստահաբար անվանել եղբայրական, որովհետեւ առկա են մշակութային ընդհանուր արմատներ: Նա ուրախությամբ է ընդգծել, որ սերտորեն աշխատում են նաեւ մեր գիտնականները, որոնք համագործակցության հուշագիր են ստորագրել: «Այս տարի նշում ենք Ղազախստանի եւ Հայաստանի անկախ հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Սա մեծ իրադարձություն է եւ մեզ համար հպարտանալու մեծ բան կա, կան կոնկրետ հաջողություններ, բայց մենք միշտ ուզում ենք մի փոքր ավելին»,- ասել է Դարիգա Նազարբաեւան: Նա կարեւորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, որպեսզի երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները հեշտանան: Նաեւ ընդգծել է, որ ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը, որի ընդլայնման համար կան էլ ավելի հնարավորություններ:
Դարիգա Նազարբաեւան հայտնել է, որ եկող տարի նախատեսվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այցը Հայաստան, որը, նրա կարծիքով, եւս կհանդիսանա կարեւոր քայլ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն էլ իր հերթին է արձանագրել, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով: Նաեւ նշել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ կան: Նազարբաեւան շնորհակալություն է հայտնել, որ Երեւանի պետական համալսարանում գործում է ղազախերենի կենտրոն, ուր նա պատրաստվում է այցելել: «Համագործակցության հեռանկարները մեծ են, դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Հայաստանում գիտական մեծ ներուժ կա եւ այս հարցում պատրաստ ենք ձեզանից շատ բան սովորել: Մենք ընդհանուր առմամբ շարժվում ենք նույն ուղղությամբ»,- ասել է Դարիգա Նազարբաեւան:
Արարատ Միրզոյանը լիովին համաձայնել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա եւ միջխորհրդարանական խմբերը ակտիվ պետք է աշխատեն այդ ուղղությամբ: «Իսկապես ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում եւ պետք է հետեւել, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Դարիգա Նազարբաեւան գրառում է կատարել Ազգային ժողովի պատվո հյուրերի մատյանում, նաեւ բարեկամության ծառ տնկել Հայաստանի խորհրդարանի այգում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով