211652_close_icon
views-count1750 դիտում article-date 09:36 13-11-2019

Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են․ «Ամերիկայի ձայն»

«Թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են բարձրացել, որն էլ արտացոլվում է ոչ միայն երկու երկրների գործադիր, այլև՝ օրենսդիր իշխանությունների ավելի սերտ համագործակցությամբ, [url=https://www.amerikayidzayn.com/a/5163000.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը: Կոնգրեսական Ֆրանք Փալոնի հետ հանդիպումից առաջ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը նշում է, որ հայ խորհրդարանականները նախատեսում են մի շարք ուղղություններով ակտիվացնել հարաբերություններն ամերիկյան կողմի հետ. «Մենք, որպես խորհրդարանականներ, կարևորում ենք, որ այդ հարաբերություններին, այդ ռազմավարական երկխոսությանը հաղորդվի որոշակի բովանդակություն խորհրդարանի տեսանկյունից»: Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են նաև «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» դաշինքից Տաթևիկ Հայրապետյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատվիրակության առաջին պաշտոնական հանդիպումը Կոնգրեսում էր՝ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրանք Փալոնի հետ, որի ընթացքում խորհրդարանականները հատուկ շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար: «Հայաստանում մեծ ջերմությամբ են անձագանքել կոնգրեսականների այդ կարևոր որոշմանը», - հանդիպման ընթացքում նշեց Լիլիթ Մակունցը: «Երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեզ ասաց, որ այդ բանաձևը քվեարության է դնելու, մենք չէինք կարող զսպել արցունքները», - արձագանքեց կոնգրեսականը: Ֆրանք Փալոնի խոսքով, Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» հաջորդած ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները և ժողովրդավարական բարեփոխումները զգալիորեն բարձրացրել են երկրի վարկանիշը ԱՄՆ-ում՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ բացելով. «Այս այցի ընթացքում Հայաստանի մեր գործընկերների հետ մենք նախատեսում ենք քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում: Խոսքը գնում է կիբերանվտանգության, հաղորդակցության ոլորտների մասին, սակայն նաև՝ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, Հայաստանի խորհրդարանի դերի բարձրացման վերաբերյալ»: Վաշինգտոնում երեք օրերի ընթացքում հայ խորհրդարանականները հանդիպումներ կանցկացնեն Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին և ստորին պալատների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև քննարկումների կմասնակցեն ԱՄՆ-ի պետական կառույցներում և հասարակական կազմակերպություններում:

Նմանատիպ նյութեր