211652_close_icon
views-count1579 դիտում article-date 19:00 10-11-2019

Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը. ՖՈՏՈՇԱՐՔ

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության կողմից առաջին անգամ պատրաստված Հայաստանում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը պատրաստվել է Միության փորձագետների հետ համագործակցաբար և այն պարունակում է տեղեկատվություն տեղական ինքնակառավարման ոլորտում գոյություն ունեցող առկա վիճակի, խնդիրների մասին: Զեկույցում կան նաև առաջարկություններ խնդիրների լուծման և հաղթահարման համար: Փաստաթղթում ներառված մտահոգություններից է այն, որ վարչատարածքային ռեֆորմի արդյունքում համայնքների ՏԻՄ-երին վերապահվեցին բազմաթիվ լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը չապահովեց համապատասխան ֆինանսական աղբյուրներով: Բայց կան պատվիրակված մի շարք լիազորություններ, որոնց մասով համայնքներին ֆինանսավորում չի տրամադրվում, սակայն, փաստացի, համայնքները դրանք իրականացնում են: Փաստաթղթում անդրադարձ կա նաև 2016-ի դեկտեմբերի 12-ին ընդունված՝ նոր խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, որով փորձ արվեց նոր հնարավորություններ սահմանել, սակայն դրանք չեն կրում ռեալ ապակենտրոնացման բնույթ: Մյուս մտահոգությունն այն է, որ օրենքներով սահմանված հարկերը կամ ՏԻՄ-երի ֆինանսավորման այլ աղբյուրները՝ իրենց բնույթով պայմանավորված չեն արձագանքում գնաճին և տնտեսական այլ գործոններին ու տևական ժամանակ փոփոխությունների չեն ենթարկվում: Զեկույցում նաև ամրագրված է, որ ՏԻՄ-երին վերապահված են շուրջ 300 լիազորություններ, որոնք, ըստ էության, չեն արտահայտում համայնքի բնակիչների՝ կոնկրետ հանրային ծառայություններ ստանալու ակնկալիքները: Փաստաթղթում նաև ամրագրված է, որ համաչափ չէ մեկ բնակչին բաժին ընկնող ծախսերի բաշխումը. օրինակ՝ Երևանում մեկ բնակչի ծախսերի համար հատկացվում է 66.500 դրամ, այլ համայնքների մեկ բնակչի համար՝ 27,100 դրամ: Զեկույցում կա առաջարկությունների բաժին, որտեղ ներառված են Միության առաջարկությունները: Օրինակ՝ ՏԻՄ-երին տալ հողի հարկի և գույքահարկի դրույքաչափերի սահմանման իրավասություն` օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, Տեղական մակարդակում նոր հարկերը պետք է ներդրվեն՝ համահարթեցման առումով, եկամտի չեզոքության սկզբունքին համապատասխան: Կա առաջարկություն ավելացնել համայնքների ֆինանսական անկախության աստիճանը՝ ապահովելով համայնքային բյուջեների եկամուտների նոր կայուն աղբյուրներ և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր