211652_close_icon
views-count2160 դիտում article-date 20:34 08-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր տիկնոջ հետ այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: ՀՀ նախագահը և իր տիկին Նունե Սարգսյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիպեցին ուսանողների հետ և պատասխանեցին նրանց հարցերին: Ուսանողներն Արմեն Սարգսյանին ներկայացրին մասնաճյուղում գործող ֆակուլտետները, ինչպես նաև մասնագիտությունները, որոնք սովորում են այստեղ: Արմեն Սարգսյանն ասաց, որ տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև հետագայում շրջանավարտների աշխատանքի հարցն առավել արդյունավետ լուծելու համար առավել նպատակահարմար կլինի հետագայում մշակել և ներդնել այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, անասնաբուժություն, անասնապահություն, անտառային տնտեսության կառավարում և այլն: ՀՀ նախագահն ուսանողներին խորհուրդ տվեց հայրենիքի հետ կապն ամուր պահել՝ փաստելով, որ հայրենիքից և հայրենի տնից լավ տեղ չկա աշխարհում. «Ես հույս ունեմ, որ մենք կփոխենք Հայաստանը, և այնպես կանենք, որ բոլորը չձգտեն գնալ Երևան, այլ ընդհակառակը՝ բոլոր երևանցիները ցանկանան գալ այստեղ և Հայաստանի մյուս վայրեր՝ հիանալու տեսարժան վայրերով ու վայելելու դրանց բարիքները»: Արմեն Սարգսյանը հավաստիացրեց, որ կարելի է գտնվել Երևանից դուրս և ապրել ժամանակակից կյանքով՝ օգտագործելով արդի տեխնոլոգիաները. «Մեր երկիրը և՛ մեծ, և՛ փոքր երկիր է, և մեր նպատակը պետք է լինի այնպես անել, որ կենսամակարդակը գյուղում և քաղաքում նույնը լինի»: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Արմեն Սարգսյանը հորդորեց նրանց լավ կրթություն ստանալ, մշտապես ինքնակրթվել, ինչպես նաև լինել բարոյական և հայրենասեր մարդ. «Այն ժամանակը, որ դուք հիմա ունեք, այլևս ետ չի գալու: Ճիշտ օգտագործեք այն, ամեն օր մի նոր բան սովորեք և օրվա ավարտին գնահատեք և արժևորեք ձեր ստացածը»: ՀՀ նախագահը խորհուրդ տվեց հայրենաճանաչ լինել, ճամփորդել ու բացահայտել հայրենիքը. «Մեր հայրենիքը միայն մեր ծննդավայրը չէ, այն ամբողջ Հայաստանն է ու Արցախը»: Այցելության ընթացքում Արմեն Սարգսյանը և իր տիկինը մասնաճյուղի բակում ծառ տնկեցին: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանն ասաց, որ հանրապետության բոլոր նախագահներն իրենց պաշտոնավարման տարիներին այցելել են մասնաճյուղ և ծառ տնկել, և ըստ այդմ՝ ձևավորված ավանդույթը չի խախտվել: Այցելության ընթացքում Արմեն Սարգսյանը ծանոթացավ մասնաճյուղի բակում ցուցադրված ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների անհատական աշխատանքներին: Անուշավան Մակարյանը հանդիպման ավարտին ՀՀ նախագահին նվիրեց ֆակուլտետի շրջանավարտ Արինա Դավթյանի աշխատանքը: [b]Քնար Միսակյան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր