2 ցմահ դատապարտյալներ կիսափակից անցել են կիսաբաց ռեժիմի. Ռուստամ Բադասյան
Ցմահ դատապարտյալներ Արսեն Արծրունին եւ Աշոտ Մանուկյանը «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխվել են «Սեւան» ՔԿՀ՝ կիսաբաց ռեժիմի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Ըստ նախարարի` դատապարտյալների զբաղվածության խնդիրների լուծմամբ զբաղվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, որոնց առնչությամբ այժմ տարբեր քրեական վարույթներ կան:
Նախարարն ասաց, որ 2020 թվականին ունեն ծրագիր՝ փակել դատապարտյալների հիվանդանոցը եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն եւ այդ կառույցների միավորմամբ բացել այլ կառույց Սիլիկյան թաղամասում. «Շատ տխուր է վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ շենքային պայմանները, կոյուղաջրերի խնդիրը։ Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ, դուք շուտով հնարավորություն կունենաք տեսնելու։ Նախատեսվում է կառուցել նոր ՔԿՀ՝ դատապարտյալների հիվանդանոցի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն։ Հիմա պետք է նախահաշվային փաստաթղթերը կազմելու համար ունենանք ֆինանսական գնահատական, կլինի պայմանական մրցույթ, որպեսզի հասկանանք՝ այդ աշխատանքները երբ են կատարվելու»։
Լրագրողների հետ զրույցում մի քանի դատապարտյալներ նշել էին, որ ցանկանում են ՔԿՀ-ում որեւէ աշխատանքով զբաղվել ,եւ հույս ունեն, որ նախարարությունը ձեռնամուխ կլինի այդ խնդրին, ինչին Բադասյանն արձագանքեց. «Այս պահին կան բազմաթիվ տեղեր, որտեղ հնարավոր է աշխատանքով ապահովել՝ հացի փռերն են, նռան այգիներ ունենք, խոզաբուծարաններ ունենք։ Բայց դրանց մասով աշխատանքներն այդքան էլ արդյունավետ չեն կազմակերպել, հիմա հիմնադրամն ունի նոր տնօրեն, եւ այդ նոր տօրենի խնդիրն է այդ հարցերի լուծումները փնտրելը»։
Դատապարտյալներից մի քանիսը գանգատվել էին բուժզննումից, նրանց խոսքով՝ ՔԿՀ-ում բուժզննումը ցածր մակարդակի է։
«Մենք այդ ուղղությունը բարելավվել ենք։ Կառավարության նոր ընդունված որոշումով կարգավորվում են այն դեպքերը, որով ՔԿՀ-ի ներսում եղած բուժզննումը չունի համապատասխան լիցենզիա տվյալ հիվանդության մասով, չկա պատշաճ բուժօգնություն, ապա միանգամից ուղեգրվում են քաղաքացիական հիվանդանոցներ։ Այդ առումով չենք նկատել որևէ բողոք։ Մենք շարունակաբար զբաղվում ենք այդ խնդրով»։