211652_close_icon

Արցախում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

views-count1818 դիտում article-date 17:37 31-10-2019
Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անց են կացվում տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ: Տարածաշրջանային առկա ու հավանական զարգացումներն էլ ստիպում են անընդհատ կատարելագործել ձեռքբերումները, նոր մեթոդներ մշակել և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական մարտական գործողություններն առավել արդյունավետորեն վարելու համար: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այս համատեքստում հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն՝ ևս մեկ անգամ փաստելով, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր: Նշենք նաև, որ զորավարժությունն անց էր կացվում համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, իսկ դրանց օբյեկտիվությունն ապահովելու նպատակով գործընթացը վերահսկվում էր ՊԲ համապատասխան բաժինների ու ծառայությունների պատասխանատուների կողմից:

Նմանատիպ նյութեր