211652_close_icon
views-count1974 դիտում article-date 09:47 29-10-2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ: Ամերիկահայ շրջանակները մեկնաբանում են բանաձևի ընթացակարգի ու նշանակության մասին:Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5143357.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ, որով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը: Ամերիկահայ կառույցները ողջունում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից այս փաստաթղթի ընդգրկումը Կոնգրեասի օրակարգում՝ կոչ անելով կողմ քվեարկել այս բանաձևին: «Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմամբ, որը աջակցում են երկու կուսակցությունները և որով հաստատվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, վերջապես ճիշտ ուղու վրա է դրվում Ամերիկայի դիրքորոշումը մարդու իրավուքների պաշտպանության հետ կապված այս կարևոր հարցում»,- նշում է Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը: Քվեարկության գործընթացը մեկնարկեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար, կոնգրեսական Սթենի Լոյերի հայտարարությամբ՝ բանաձևը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն առաջադրելու մասին: Կանոնակարգային հանձնաժողովի կողմից բանաձևի քվեարկության ընթացակարգի մշակումից հետո այն կհայտնվի Ներկայացուցիչների պալատի օրակարգում՝ քվերակության համար: Այս պահին եղած տեղեկությամբ, բանաձևի շուրջ քվերակությունը նախատեսվում է երեքշաբթի երեկոյան: Ըստ Արամ Համբարյանի , բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հակազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն այս հարցում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի անվտանգության ուժեղացմանն ու Թուրքիայի հետագա զարգացմանը: Համբարյանի կարծիքով բանաձևի ընդունումը կարևոր է նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի որդեգրած մտահոգիչ քաղաքականությունը հակազդելու տեսանկյունից: «Այս բանաձևի ընդունումը ազդակ կհանդիսանա Էրդողանին, որ Ամերիկան այսուհետ չի պատրաստվում քողարկել և աչք փակել իր բռնի գործողությունների վրա»,- ասում է Համբարյանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի ընդունմանը աջակցում է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին կարևորում է հանրային այն աջակցույունը, որ ստացել է բանաձևը ԱՄՆ-ի մի շարք կառույցների կողմից: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին աջակցել այս մարդու իրվունքների խնդրին առնչվող կարևոր օրինագծին, որը լուրջ ազդանշան կհանդիսանա, որ Ցեղասպանության ժխտման օրերը հաշված են»,- ասում է Արդունին: Ամերիկայի ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանն էլ իր հերթին կարևորում է կրթական տեսանկյունից բանաձևում տեղ գտած 1915-1930 թթ ամերիկյան մարդասիրական օգնության մասին դրույթը: Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է բանաձևի ընդունմանը և ժխտում է ցեղասպանության փաստը: Ամերիկացի օրենսդիրների կարծիքն այս հարցի շուրջ կպարզի վաղվա քվեարկությունը Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր