211652_close_icon
views-count990 դիտում article-date 19:33 28-10-2019

Վարչապետը Բուլղարիայի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևային: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ դինամիկ բնույթ կրող բարձրաստիճան հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացմանը և տնտեսական կապերի աշխուժացման նոր հնարավորությունների իրացմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս տարի մարտին հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի անցկացումը: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում փոխգործակցության խորացումը: Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Բուլղարիայի հետ հարաբերությունների ամրապնդումը, Արևելյան Եվրոպայի երկրների հետ փորձի փոխանակումը բխում է այդ տրամաբանությունից», - ասել է կառավարության ղեկավարը՝ երախտագիտություն հայտնելով Բուլղարիային ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Բուլղարիայի փոխվարչապետը ևս նկատել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պաշտոնական շփումները և քննարկումները, որոնք վերջին շրջանում բավական ակտիվ են, վկայում են հայ-բուլղարական կապերին փոխադարձաբար տրվող կարևորության մասին: «Բուլղարիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը և պատրաստ է կիսվել բարեփոխումների գործընթացում իր կուտակած փորձով: Պատահական չէ, որ Բուլղարիան ԵՄ երկրների շարքում առաջիններից էր, որ վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - նշել է Եկատերինա Զախարիևան: ՀՀ վարչապետը և Բուլղարիայի փոխվարչապետն անդրադարձել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, խոսել ժողովրդավարական բարեփոխումների՝ հակակոռուպցիոն պայքարի, դատաիրավական համակարգի, կառուցվածքային ռեֆորմների գործընթացում փորձի փոխանակման կարևորության շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունների հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Տնտեսական համագործակցության նոր մակարդակ արձանագրելու համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է օդային ուղիղ կապի գործարկումը, որը կնպաստի գործարար շփումների, զբոսաշրջային այցերի ակտիվացմանը, ինչպես նաև հեռանկարային համարել տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ծրագրերը: Եկատերինա Զախարիևան համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ՝ նշելով, որ օդային ուղիղ հաղորդակցությունը կխթանի փոխադարձ առևտրային, ներդրումային, զբոսաշրջային կապերի զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս և վերոնշյալ ուղղություններով առարկայական արդյունքներ արձանագրելուն միտված անելիքների շուրջ: Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար և ընդգծել, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եկատերինա Զախարիևան վերահաստատել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և նշել, որ Բուլղարիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցային գործընթացին:

Նմանատիպ նյութեր