211652_close_icon
views-count1079 դիտում article-date 15:39 25-10-2019

Հայաստանն ու Ճապոնիան սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցության ներուժ ունեն. նախագահ Սարգսյանն այցելել է Asahi Group

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ: Asahi Group-ը Ճապոնիայում գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում: Ընկերության ղեկավարը նախագահ Սարգսյանին պատմել է արտադրության հիմնական ուղղությունների, տարբեր շուկաների հետ համագործակցության մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է ճապոնական ընկերությունների հետ համագործակցությամբ: Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը նախագահը համարել է սննդի վերամշակման, մատակարարման եւ անվտանգության ոլորտը: Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը, որը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի այդ, մեր երկիրն ունի հյութերի, հանքային ջրերի զարգացած արտադրություն, և այս ոլորտում ևս համագործակցություն մեծ ներուժ կա: «Ձեր ընկերության արտադրանքը հայտնի է ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, սակայն մեր երկրում ձեր ներկայությունը շատ փոքր է: Կարծում եմ՝ հնարավոր համագործակցությունը կօգնի զարգացնել փոխադարձ հետաքրքրությունները»,-նշել է նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը գրավիչ կարող է լինել ոչ միայն արտադրանքի վաճառքի, այլև արտադրության և արտահանման առումով: Asahi Group ընկերության ղեկավարը նշել է, որ ուրախ կլինեն իրենց արտադրությամբ ավելի լայն ներկայացված լինել Հայաստանում և տարածաշրջանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և քննարկելու նպատակով։

Նմանատիպ նյութեր