211652_close_icon
views-count2014 դիտում article-date 20:02 21-10-2019

Նիկոլ Փաշինյանը եւ Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։ Վաչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում երկուստեք կարեւորել են տարբեր ոլորտներում կապերի ընդլայնումը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ, ինչը վկայում է երկու երկրների եւ ժողովուրդների ամուր կապերի մասին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Նարենդրա Մոդիին ուղղված Հայաստան այցելելու իր հրավերը եւ համոզմունք հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Կիշան Դան Դեւալին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու եւ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը եւս շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայմամբ եւ ամրապնդմամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բիզնես կապերի խորացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին եւ այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Վարչապետ Փաշինյանը կարեւորել է նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Հնդկաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, ինչը եւս նոր ազդակ կհաղորդի հայ-հնդկական առեւտրատնտեսական հարաբերություններին ու փոխգործակցության ընդլայնմանը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր