211652_close_icon
views-count1424 դիտում article-date 22:55 18-10-2019

ՏԿԵ նախարարը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նկատել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը առաջինը ճանաչած երկիրն է , որի հետ տարբեր ժամանակահատվածներում ձևավորված բարեկամական կապերը և պատմական զուգահեռները հնարավորություն են ընձեռում նոր որակ և բովանդակություն հաղորդելու առկա հարաբերություններին։ «Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության չբացահայտված ներուժ, որի իրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերը կարող են առարկայական դառնալ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով», -նշել է Սուրեն Պապիկյանը՝ դեսպանին ներկայացնելով ճանապարհային, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ՏԿԵ նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը։ Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն իր հերթին կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով և ներկայացրել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները։ ՏԿԵ նախարարը և Լիտվայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև նշված ոլորտներում տարբեր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպման և կանոնավոր երկխոսությունների անցկացման շուրջ։

Նմանատիպ նյութեր