Եվրո-2020. Հայաստանի հավաքականն անզոր գտնվեց Ֆինլանդիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրո-2020-ի խմբային փուլի հերթական տուրում Ֆինլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Հայաստանին:
Ի տարբերություն Լիհտենշտեյնի հետ նախորդ խաղի (1:1), այս անգամ մեր տղաները մի փոքր ավելի համարձակ էին գործում, փորձում մրցակցին թելադրել իրենց խաղը:
Բայց, առաջատար ֆուտբոլիստների, առաջին հերթին՝ Հենրիխ Մխիթարյանի, բացակայությունը, մեր դարպասապահի անվստահ խաղը, ընդհանուր խաղային մակարդակի ցածր տոկոսն իրենց զգացնել տվեցին:
Ֆինլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր առաջին հերթին կազմակերպվածությամբ, ինչպես նաև գոլային պահերը ավելի հաջող իրացնելու հարցում:
Ավելին մեկնաբանել իմաստ չունի. ունենք այն, ինչ ունենք: Հայաստանի հավաքականը պարտվելով, կորցրեց Եվրո-2020-ի ուղեգրի համար պայքարելու վերջին շանսը: Կարծում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հիմա պետք է լուրջ հետևություններ անի այս անհաջողություններից, հայկական ֆուտբոլի զարգացման, ամրապնդման, մեր հավաքականի հաջող մրցելույթների համար հրավիրի ավելի բարձրակարգ մասնագետներ:
Իսկ Ֆինլանդիայի հավաքականն այս հաղթանակց հետո էլ ավելի մոտեցավ իր բաղձալի նպատակին. թիմն իր պատմության մեջ դեռ ոչ մի անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր չի նվաճել: