211652_close_icon
views-count1725 դիտում article-date 19:19 14-10-2019

Նախատոնական Երևան. ինչպե՞ս է քաղաքը պատրաստվում տոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Այս օրերին քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը: «Մի քանի կարգախոս էր քննարկվում: Վերջիվերջո ընտրեցինք «Սրտումս Երևան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երևանը: Սա նաև սիրո յուրօրինակ խոստովանություն է», - նշում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Սրտումս Երևան»: Խոստովանությունը բառերով հնչում էր, իսկ ինչպե՞ս այն պետք է գրվեր ու մատուցվեր: Տարբերանշանի ստեղծման ու պաստառների մշակման գործին անցան գրաֆիկ-դիզայներները: «Էրեբունի-Երևան 2801» տարբերանշանով պաստառներն արդեն հանդիպում են քաղաքի տարբեր հատվածներում և հուշում առաջիկա համաքաղաքային տոնի մասին: Տարբերանշանը օգտագործվում է նաև տարբեր աքսեսուարների թողարկման ժամանակ: *** «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան». տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է: Այս օրերին նկարահանվում է նաև տեսահոլովակը: Ռեժիսորի մտահղացմամբ, ստեղծագործության հնչյունները լսվում են քաղաքի տարբեր անկյուններում: Դրանք պատշգամբ են հրավիրում մշակութային հայտնի գործիչներին, արվեստագետներին, նաև պետական ու քաղաքական դեմքերին: Տեսահոլովակում նկարահանվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Հայկ Մարությանը: *** Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում: «Կենտրոնից միջոցառումները հանում ենք և տեղափոխում վարչական շրջաններ: Սա նշանակում է, որ հավասարապես է տոնը նշվելու»,- ասում է փոխքաղաքապետը: Տոնին քիչ ժամանակ է մնացել, իսկ անելիքները դեռ շատ են: Փոխքաղաքապետը վարչական շրջաններում անձամբ է ծանոթանում նախապատրաստական ընթացքին, խնդիրներին: Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական ամեն մի շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով: «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: «Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաև պարգևատրման արարողություն և մշակութային մաս»,-նշում է Տիգրան Վիրաբյանը: «Երաժշտացանկում կլինեն Խաչատրյան, Բաբաջանյան, բայց խուսափում ենք ավանդական ռեպերտուարից, կառաջարկենք մի փոքր այլ տարբերակ: Իսկապես կլինի տոն»,-ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: «Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր: Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում: Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում: Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում: Ռոքի հայ աստղերին լսելու համար պետք է Նուբարաշեն հասնեք, հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում: 22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր