«Սիրիայում իրականացվող ռազմագործողության շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թուրքական կողմի տվյալներով «Խաղաղության ակունք» ռազմագործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550 զինյալի է սպանել:
Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող ռազմական գործողությունը նախատեսված կարգով շարունակվում է:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։