977 դիտում
21:07 11-10-2019
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է մարզային դատարանների հետ հանդիպումները
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 10-ին արտագնա նիստ գումարեց Լոռիում։ Այցի նպատակն էր տեղում հանդիպել դատարանի կազմի հետ և ծանոթանալ դատարանի խնդիրներին: Խորհուրդը նախ եղավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, ծանոթացավ իրականացվող վերանորոգման աշխատանքներին, գույքագրեց առկա խնդիրները, ապա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի նստավայրում:
Աշխատանքային հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվեց արդարադատությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված գործնական քայլերի քննարկման վրա: Արձանագրվեց, որ էլ-արդարադատության գործիքների ներդրումն անխուսափելի է, և այդ համակարգի, մասնավորապես՝ դատակենտրոնի կառուցմամբ և շահագործմամբ, ինչպես նաև էլ-դատավարության ծրագրային ապահովման ներդրմամբ հասանելի ու մատչելի կդառնա ոչ միայն ողջ արդարադատական գործընթացը, այլև այն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը և կարևոր ցուցիչ կհանդիսանա հանրային հաշվետվողականության բարձրացման, դատական իշխանության թափանցիկության ապահովման համար:
Ներկայացվեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Խորհրդի կողմից գործնական քայլեր են տարվում նաև վճարման կարգադրությունների ավտոմատացման ուղղությամբ:
Շեշտվեց, որ Խորհուրդը դատավորների արդյունավետ գործունեությունն ապահովող խնդիրներին լուծում տալուն զուգահեռ առաջնահերթ է համարում միջազգային գործընկեր կառույցների հետ անմիջական և կառուցողական համագործակցությունը և նախատեսում է միջազգային փոխգործակցության տարբեր ծրագրերում նաև մարզային դատավորների ներգրավվածությունը: Այն հնարավորություն կտա ծանոթանալ դատական համակարգի միջազգային լավագույն փորձին, գործնական հմտություններին և օգտակար գործիքակազմերը կիրառել ամենօրյա աշխատանքում:
Հանդիպման ժամանակ կարևորվեց դատական իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև առողջ երկխոսության ձևավորումը, ինչպես նաև մեդիաներկայացուցիչների հետ շփումներում «Զանգվածային լրատվամիջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների» մասին Խորհրդի ընդունած որոշման դրույթներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:
Տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին իրենց հետաքրքրող տարբեր այլ հարցեր:
Խորհրդի նախագահն իր խոսքում ամփոփելով մարզային այցելության արդյունքները՝ շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը շատ է կարևորում դատավորների հետ նման հանդիպումները, անկաշկանդ շփումները և Խորհրդի հետ ակտիվ, անմիջական համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծեց, որ հանրային ընկալման տիրույթում դատարանի հեղինակությունն օբյեկտիվորեն նույնացվում է ոչ միայն դատավորի, այլև դատարանի բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի հետ: Ուստի, դատարանի հեղինակության հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևոր բաղադրիչները պետք է լինեն ինչպես դատավորների կողմից կայացված որակյալ դատական ակտերը, այնպես էլ դատական ծառայողների, դատարանների գրասենյակների աշխատակիցների, դատական կարգադրիչների արդյունավետ արհեստավարժ ու հետևողական աշխատանքը:
Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին նաև Վանաձորի նստավայրում, ծանոթացան դատարանի աշխատանքների կազմակերպման գործընթացին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նյութեր
3331 դիտում
00:01 11-07-2018
Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի դատարանների նախագահներ է ընտրել
5056 դիտում
22:06 12-07-2018
Բարձրագույն դատական խորհուրդը պալատների և դատարանների նախագահներ է ընտրել
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1165 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը