211652_close_icon
views-count881 դիտում article-date 11:54 08-10-2019

Խախտումներ «Արթիկ» ՔԿՀ-ում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: Արձանագրվել են մի շարք հիմնական խնդիրներ: Մասնավորապես՝ քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, -պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ, -պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն և բացակայում են դռները, -առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ, -տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները, -չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, -առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է, արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին, առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն), -անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները, -բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները և այլն: Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը: Միաժամանակ, պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր