211652_close_icon
views-count2751 դիտում article-date 14:54 04-10-2019

Այսօր ինձ մեկ-մեկ հարցնում են՝ հրդեհները վերջացա՞ն, ասում եմ՝ չէ, չեն վերջացել. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան

Այսօր ինձ մեկ-մեկ հարցնում են՝ հրդեհները վերջացա՞ն։ Ասում եմ՝ չէ, չեն վերջացել, հիմա նորից սկսվել են, տաք օրեր են, անձրեւները կտրվել են, հրդեհները սկսել են շատանալ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա որպես օրինակ հիշեց հունվարի 31-ին Լոռու անտառներից մեկում տեղի ունեցած հրդեհը. այն բռնկվել էր չոր եղանակի պատճառով: Նախարարի խոսքով՝ խոտածածկ տարածքների հրդեհները վտանգավոր են, քանի որ դրանք մոտ են լինում բնակավայրերին ու անտառներին. «Երկու դեպքում էլ վտանգը մեծ է։ Կապանում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ բռնկվեց, ընդգրկեց քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Գերեզմանոցից էր եղել հրդեհը, հավանաբար խունկ էին ծխել, կրակը տարածվել էր խոտածածկ տարածքում»: Ցոլակյանը նշեց, որ անտառային հրդեհների մեծ մասն առաջանում է խոտածածկ տարածքներից. «Կան հրդեհների տեսակներ։ Օրինակ՝ Ռուսաստանում սաղարթային են, վերեւի մասն է այրվում, ներքեւի մասը խոնավությունը պահում է։ Մեզ մոտ ներքեւից է։ Կան ծառատեսակներ, որոնց արմատը, գետնի տակ վառվելով, հանկարծ 4-5 մետր այն կողմ կրկին կրակ է դուրս գալիս։ Օրինակ՝ գիհին։ Ծառատեսակ կա, որ ծառի մեջ է վառվում, մեջը չենք տեսնում»: Անդրադառնալով օգոստոսին «Ձյունիկ» սառնարան ընկերությունում բռնկված հրդեհին՝ ԱԻ նախարարն ասաց, որ այդ ժամանակ հրշեջները չէին տեսնում կրակը, քանի որ պատերի ներսով էր վառվում. «Կրակը հանգցնելու համար պետք է կարողանալ գտնել այն ու հասնել դրան։ Այս դեպքում ամբողջ տարածքում ծուխ էր, 1000 աստիճան ջերմաստիճան, հնարավոր չէր մտնել։ Եթե հրշեջը հասնում է կրակին, կարողանում է հանգցնել»:

Նմանատիպ նյութեր