211652_close_icon
views-count4920 դիտում article-date 23:57 02-10-2019

Փաշինյանի և Պուտինի «փայլուն զրույցի» հակառակ կողմը. Գագիկ Համբարյան. tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/10/02/Hambaryan/3108187?fbclid=IwAR1BKentKydxpuIr_9B3SzOPpt_7eQA-Y3GfGDVpRzVceonjrAjB5lOS-GA]Tert.am[/url]-ը գրում է. «Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներին։ Գրառման մեջ Համբարյանը նշում է, որ երբ ՌԴ-ն նվազեցնի գազի գինը ՀՀ-ի համար, այդ ժամանակ կարելի կլինի խոսել հանդիպման «փայլունության» մասին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկու հանդիպում, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր պարոն Փաշինյանը ու այդ հանդիպումներից մեկը գնահատել էր որպես «փայլուն զրույց»... Նախ նշեմ, որ իշխանամետների էյֆորիան, որ պարոն Փաշինյանը Հայաստանի այն եզակի ղեկավարներից է, որը ՌԴ նախագահներին չի դիմավորել օդանավակայանում, երևի շատ կարճ տևեց, քանի որ պարոն Փաշինյանն այն հերթական ղեկավարներից էր, ով ճանապարհ էր դնում ՌԴ նախագահին օդանավակայանից... Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին «փայլուն զրույցին», ապա դեռ շատ վաղ է խոսել դրա «փայլունության» մասին, ինչպես դա արեց պարոն Փաշինյանը... Զրույցի «փայլունության» մասին կարելի է դատել դրա արդյունքներից, երբ դա իր վրա զգա հասարակությունը... Օրինակ՝ եթե ՌԴ-ն նվազեցնի գազի գինը ՀՀ-ի համար, երբ հայաստանյան վարորդական իրավունքների տերերը նույն կարգավիճակն ունենան ՌԴ-ում, ինչ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից տրամադրված վարորդական իրավունքների տերերը, երբ Վերին Լարսում ստեղծված խոչընդոտները վերանան և այլն... Սակայն, ըստ տարբեր աղբյուրների, ամեն ինչ հակառակն է. ըստ տեղեկությունների Մոսկվան շեշտակի բարձրացնելու է Հայաստան մատակարարվող գազի գինը, մեծ խնդիրներ կան Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված, վարորդական իրավունքների հետ հարցը լուծում դեռ չի ստանում, իսկ Վերին Լարսում դեպի Հայաստան ուղևորվող մեքենաների հերթը, ըստ տարբեր տվյալների, հասել է մինչև Պյատիգորսկ... Ի դեպ, վերջին շրջանում աղետալի տեմպերի է հասել նաև Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող և ՌԴ քաղաքացիություն ձեռք բերող հայաստանցիների թիվը... Մարդիկ ընտանիքներով են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում Ռուսաստան... Սպասենք ու տեսնենք, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բերված խնդիրներից որևէ մեկը լուծում ստացել է Փաշինյանի և Պուտինի «փայլուն զրույցի» արդյունքում... Պարոն Փաշինյանի կողմից հոկտեմբերի 1-ի երեկոյան «արտագնա» տեղեկատվության հրապարակումները ցույց են տալիս, որ վերջինս սարսափելի ծանր է տարել Պուտինի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպումը ՌԴ դեսպանատանը... Այդ հանդիպումից հետո պարոն Փաշինյանը, որքան կարելի է կռահել, խախտել է «Պուտինին չդիմավորող և չճանապարհողի» սցենարը և շտապել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ՌԴ նախագահի հետ կրկին հանդիպում ունենալու համար և «պաչիկ-պուչիկային» վիդեո հրապարակելով հասարակությանը համոզելու, որ իր և Պուտինի միջև ամեն ինչ հիանալի է՝ ավելի լավ, քան Պուտինի և Քոչարյանի միջև է... Սակայն Փաշինյանի այդ «լիրիկային» կարող են հավատալ հիմնականում իր մոլի երկրպագուները, հայտնի ՊՈԱԿ-ի իրեն սպասարկող կեղծ օգտատերերը և նրա թիմակիցների որոշ մասը... Հասարակության մեծ մասը սպասում է այդ հանդիպման կոնկրետ արդյունքներին, որ իրական գնահատական տա դրանց... Հ.Գ. Հայաստանի վարչապետը, որն անձնական վրեժխնդրությունից դրդված Քոչարյանին հետ վերադարձրեց քաղաքականություն և դարձրեց հայ-ռուսական հարաբերությունների ակտորներից մեկը, մինչև հիմա չի հասկացել, որ դրանով ավելի է թուլացնում իր դիրքերը հայ-ռուսական բանակցություններում ՝ Քոչարյանից իր ավելի ռուսամետությունն ապացուցելու համար գնալով քայլերի և զիջումների Մոսկվայի հետ հարաբերություններում՝ մտածելով, որ դա կգնահատվի Կրեմլի կողմից... Օրինակ՝ ժամանակին Մոսկվային քծնելու նպատակով պարոն Փաշինյանը Սիրիա ուղարկեց հայ խաղաղապահներին, որի արդյունքում բավական լարվեցին հայ-ամերիկյան հարաբերությունները և դրա հետևանքներից մեկը եղավ սեպտեմբերի վերջին իր ձախողված այցը ԱՄՆ, որտեղ նրան որևէ մակարդակով չընդունեցին ո՛չ Պետքարտուղարությունում, ո՛չ էլ Սպիտակ Տանը... Մոսկվան օգտվում է Փաշինյանի պետական մտածելակերպի բացակայությունից և, ինչպես ասում են՝ «Ախորժակը բացվում է ուտելիս» կարգախոսին համաձայն, ավելին է պահանջելու Երևանից... Տեսնես հիմա ի՞նչ ռուսամետ քայլի է գնալու Փաշինյանը՝ «չեղարկելու» համար Պուտինի և Բելլա Քոչարյանի թեյախմության արդյունքները...»։

Նմանատիպ նյութեր